211652_close_icon
views-count946 դիտում article-date 16:44 12-03-2021

Գյումրիում մեկնարկել է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը

Հայ Կրթական Հիմնարկությունը, գործակցելով Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) հետ, մեկնարկում է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը։  Ծրագրի մեկնարկն ազդարարվեց մարտի 12-ին, իսկ դասընթացները կսկսվեն մարտի 13-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի իրականացման նպատակով ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում պատրաստվել է հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով: Դասընթացները հնարավորություն են տալիս, որ Շիրակի մարզի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները ձեռք բերեն հիմնարար գիտելիք և փորձ «ծրագրային ճարտարագիտություն», «մեքենայական ուսուցում», «մեքենաշինություն», «3D մոդելավորում», «ճշգրիտ մեքենաների գործարկում», «էլեկտրատեխնիկա», «էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում և իրականացում», «արտադրանքի մշակում», «նախագծերի կառավարում», «թիմային աշխատանք»  ուղղություններում:

«Ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների շրջանում՝ տրամադրելով նրանց գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտություններ։ Ծրագիրը մասնակիցներին նաև կուղղորդի դեպի ինժեներական և պոլիտեխնիկական բարձրագույն կրթություն, աշակերտները կմշակեն ինժեներական նախագծեր և կստանան արտադրանք»,- ծրագրի բացման արարողությանը նշեց  ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

«Ստեղծված իրավիճակում բոլորս պետք է ունենանք մեկ նպատակ՝ Հայաստանի զարգացումը, որի կարևորագույն ուղղություններից է ինժեներական կրթությունը։ Այդ նպատակով մեկնարկում ենք «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը»,- ծրագրի շահառուներին իր տեսաուղերձով ողջունեց Հայ Կրթական Հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը: 

Նշենք նաև որ կրթական ծրագրի մասնակցության համար դիմում-հայտ է լրացրել 144 աշակերտ։ Թեստավորմանը մասնակցել է 96-ը, արդյունքում ընտրվել են 50 աշակերտ:

Նմանատիպ նյութեր