211652_close_icon
views-count33120 դիտում article-date 22:42 10-03-2023

Դանակահարություն` Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում. վիրավորն ու նրան դանակահարողը սովորում են նույն դպրոցում

Այսօր` մարտի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեից «աջ սրունքի, ձախ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժիշկների շտապօգնության թիվ 45 խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը` անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժնի աշխատակիցները պարզել են, որ այսօր ժամը 09։00-ի սահմաններում Երևանի թիվ 119 դպրոցի հարակից տարածքում Հայկ Հ.-ին դանակահարել է Երևանի բնակիչ 18-ամյա Վիգեն Ա.-ն, ով ժամեր անց, ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ինքնակամ ներկայացել է Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորն ու նրան դանակահարողը սովորում են Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր