211652_close_icon
views-count2551 դիտում article-date 14:20 10-03-2021

Տավուշում անվտանգ երթևեկություն ապահովելու համար մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է ՃՈ պետին

Տավուշի մարզի  դատախազությունն ուսումնասիրել է 2020թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2021թ.-ի մարտի 1-ը մարզում տեղի ունեցած ՃԵԿ խախտելու դեպքերը, արձանագրված խախտումներին նպաստող հանգամանքերի վերաբերյալ տվյալները և ուղենշել խնդիրներն ու այս ոլորտում հանցավորության դեմ պայքարի մեխանիզմները: 

Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 260 պատահար, որից  48-ի դեպքում 84 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՃԵԿ-ի խախտմամբ 6 պատահարի արդյունքում արձանագրվել է 6 անձի մահվան դեպք: Դեպքերը հիմնականում եղել են արագության գերազանցման և վազանցի կանոնները խախտելու պատճառով: 
Փաստական տվյալները վկայում են՝ ավելացել են մգեցված դիմապակի ունեցող, հատուկ ձայնային ազդանշաններով հագեցած և առանց համարանիշների մեքենաներ վարելու դեպքերը: 

Դիլիջան ու Իջևան քաղաքներում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելու դեպքերի աճ: Ավելացել են չնախատեսված վայրերում շրջադարձ կատարելու, փակ փողոց մտնելու, հետիոտնին չզիջելու, կենտրոնական հրապարակների չնախատեսված վայրերում կայանելու, վտանգավոր վազանցներ կատարելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքերը: 

Տավուշի դատախազությունն արձանագրել է, որ ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու և հնարավոր պատահարների հավանականությունը ավելի մեծ է Դիլիջանում, որովհետև զբոսաշրջային քաղաքում շատ են ժամանցի և ռեստորանային համալիրները: 

Տավուշում ՃՈ աշխատանքային թերությունները շտկելու, ՃԵԿ-ի խախտումները բացառելու և պատահարներին նպաստող գործոնները վերացնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Գոռ Ալոյանը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին:

Շեշտվել է, որ պատահարները բացառելու և նվազեցնելու համար անհրաժեշտ է ճիշտ բաշխել վերակարգերը, ուժեղացնել հսկողությունը երեկոյան ժամերին և հատկապես  այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են պատահարներ լինում: Ընդգծվել է խախտումներ թույլ տվող յուրաքանչյուր անձի նկատմամբ վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու անթույլատրելիությունը:

Անվտանգ երթևեկություն ապահովելու տեսանկյունից կարևորվել է հանվագործությունների, վարչական իրավախախտումների նախականխման, կանխման , խափանման աշխատանքներում ՃՈ ծառայողների կողմից առավել պատասխանատու վերաբերմունք դրսևորելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդիրը: 


 

Նմանատիպ նյութեր