211652_close_icon
views-count3660 դիտում article-date 22:26 07-03-2021

Դավիթ Շահնազարյան. Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը՝ չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը

1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
 

«Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը ս. թ. փետրվարի 25-ի հայտարարությամբ արձանագրել է, որ գործող իշխանությունները «երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», ՀՀ զինված ուժերը պահանջեցին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի այդ հայտարարությունը պայմանավորված էր իրենց սահմանադրական պարտականությունների կատարման հրամայականով, քանի որ ըստ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ի մասի, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է անհապաղ չեզոքացնել իր իսկ կողմից մատնանշված սպառնալիքը: Այդ խնդիրն իրականացնելու համար ԳՇ-ի տրամադրության տակ են առավել քան բավարար միջոցներ, քանի որ Պաշտպանության մասին օրենքի համաձայն «ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը» (ոստիկանության զորքերը, սահմանապահ զորքերը, պետական պահպանության ծառայությունը և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները) և դրանք գտնվում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո:

Հայոց պետականության համար ճակատագրական այս իրավիճակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պարտավոր էր անմիջապես միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և պաշտպանությանը սպառնացող մեծագույն վտանգը վերացնելու համար և ձերբակալեր վարչապետ Փաշինյանին և կառավարության անդամներին:

ԳՇ-ը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով: ԳՇ-ն և ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, խուսափելով վերացնել պետականությանը սպառնացող մեծագույն վտանգը և չձերբակալելով վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարության անդամներին՝ շարունակում են դրսևորել քրեորեն պատժելի հանցավոր անգործություն»:

Նմանատիպ նյութեր