211652_close_icon
views-count2275 դիտում article-date 18:26 05-03-2021

Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը. կառույցն անցել է բնականոն աշխատանքի

Armtimes.com-ը գրում է. Կեսօրից հետո Շիրակի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները բացել են վաղ առավոտից իրենց կողմից փակված Շիրակի մարզպետարանի մուտքը: Ընդմիջումից հետո կառույցն անցել է բնականոն աշխատանքի: Մուտքը բացելուց հետո գերիների ծնողները հեռացել են Շիրակի մարզպետարանից: Նրանք մեկ անգամ ևս շեշտել են, որ իրենց քայլերի մասին որևէ տեղեկատվություն տալ չեն ցանկանում այս պահին:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և նշել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք կառույցի աշխատանքը չէին պարալիզացրել, ելումուտը չէին արգելել:

Նշենք, որ փետրվարի 10-ին գերեվարված զինծառայողների ծնողները տևական ժամանակ փակել էին Երևան-Գյումրի միջպետական և Գյումրի-Վանաձոր ճանապարհները և պահանջել հստակեցումներ իրենց որդիների գտնվելու վայրի, վերադարձի հետ կապված:

Փետրվարի 17-ին Շիրակի մարզպետարանում նրանց հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Նմանատիպ նյութեր