211652_close_icon
views-count6493 դիտում article-date 00:00 14-04-2021

Գերիների հարազատների հետ բանակցում է Շիրակի մարզի ԱԱԾ պետը. նրանք չեն լքում մարզպետարանի շենքը

Պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները հանդիպում են Շիրակի մարզի ԱԱԾ պետի հետ, վերջինս նրանց հետ բանակցություններ է վարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերեվարված պահեստազորայինի մայրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել։

Մեզ հետ զրույցում տիկինը պատմեց, որ մինչեւ ԱԱԾ պետի գալը ոստիկանության աշխատակից Ենգոյան Վահրամն է հրահրել ոստիկաններին, որ հարձակվեն ծնողների վրա, դուրս հանեն մարզպետարանից, դռան ապակին էլ կոտրել են ոստիկանները:

«Ոստիկանները կոտրել են դռան ապակին, երեւի, որ հետո ծնողների վրա բարդեն: Քաշքշուկ է տեղի ունեցել, մի կնոջ ոտք էր վնասվել, մյուսը վատ վիճակում էր, շտապ օգնություն է կանչվել:

Այս ամենը կատարվել է մեր մարզպետի ձեռքով, նա է զանգել, ոստիկանական ուժեր հրավիրել:

Իսկ Ենգոյան Վահրամի հրամանով հարձակվել են այն տղաների ծնողների վրա, որոնք իրենց հայրենիքը պաշտպանելու համար հիմա գտնվում են Բաքվի բանտում:

Բանակցություններ են ընթանում, չգիտեմ՝ այս անգամ ինչ սուտ պիտի հորինեն, 4 ամիս է՝ նույն սուտն է՝ սպասեք, մի խոսեք, ձեր տղաներին կվնասեք: Մինչեւ ե՞րբ պետք է սպասենք, մենք սպասեցինք, բայց այն երեխեքը այնտեղ ի՞նչ կլինեն:

Ծնողները դուրս չեն եկել մարզպետարանից՝ չնայած բախումներին, եւ չթողեցին, որ մարզպետը իր անձնակազմով տուն գնա: Երեւի մարզպետը կարոտել էր իր երեխաներին, չէր դիմանում, մեր տղաներն էլ երեխա չեն:

Բոլոր աշխտակիցները ներսում են: Եթե պատասխանը ծնողներին չբավարարի, մարզպետարանի մուտքերը չեն բացելու, մնալու են այնտեղ: Մեր պահանջն է՞ վարչապետը գա, մեր հարցերին պատասխան տա: Նա Պուտինի հետ հանդիպմանն ասաց՝ գերիների հարցը լուծված է, ամեն ինչ լավ է, Մուրադովին ուղարկեցին, թե չուղարկեցին, դա էլ իրենք եւ Աստված գիտեն, Մուրադովը գնաց, լրիվ դատարկ վերադարձավ: Այսօր էլ խրտվիլակներին հագցրել են մեր տղաների շորերը, շատ ցավալի վիճակ էր, շատ նվաստացուցիչ էր մեզ համար»,- ասաց նա:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր