Կա՛մ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է, կա՛մ նախագահն է ստորագրում հրամանագիրը. ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Tert.am-ը գրում է. Ընտրությունը հետևյալն է՝ Օնիկ Գասպարյանը, ում ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վարվել, Օնիկ Գասպարյանը ուղղակի թող դիմում գրի, հրաժարական տա, գնա, այս ժողովրդին պետք չէ անընդհատ ցնցումների ենթարկել, պետք չի, Օնիկ ջան: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում իր կազմակերպած հավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես այսօր ՀՀ նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և ասել եմ, որ իմ կարծիքով՝ ինքը պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի, եթե Հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է: Կամ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը կամ ինքն ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես թույլ չեմ տա դա»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ պետք է մի քանի հարցով խորհրդակցություններ անել ժողովրդի հետ, ապա ավելացրեց, որ Հայաստանում իրենք թշնամի ու հակառակորդ չունեն:
Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով հայտարարություն էր հրապարակել, որի տակ ստորագրել էին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի՝ երեկ պաշտոնից ազատված առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները և բարձրաստիճան այլ զինվորականներ: