211652_close_icon
views-count40088 դիտում article-date 10:50 13-02-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ն ու KIA-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 13-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  04:50-ի սահմաններում Իսակովի պողոտայի 22 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա  Գագիկ Հովհաննիսյանի վարած Nissan  մակնիշի և 34-ամյա Էդգար Աբրահամյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Հովհաննիսյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Է. Աբրահամյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մատական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ  Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով էլ ավտոմեքենաները, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր