1895թ. փետրվարի 9-ին ստեղծվեց վոլեյբոլ մարզաձևը
Այսօր վոլեյբոլի ծննդյան օրն է: 1895թ. փետրվարի 9-ին ԱՄՆ –ի Մասսաչուսեթս նահանգի Հելիոկ քաղաքի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վիլյամ Մորգանը ստեղծել է վոլեյբոլ խաղը:
Նա ցանկանում էր հիմնել մի մարզաձև, որը հնարավոր կլիներ անցկացնել առանց հատուկ նախապատրաստության և կահավորանքի:
Մորգանը մշակեց տասը կետից բաղկացած խաղի կանոնադրություն: Նշենք մի քանիսը. խաղադաշտի չափը, կահավորումը, գնդակի քաշը, ցանցի բարձրությունը, հաշիվը, մարզիկների քանակը, նրանց իրավունքները, պարտականությունները, խաղի վարման պայմանները և այլն: Ցանցի բարձրությունը սահմանվեց 198 սմ., գնդակի քաշը` 340գր., խաղադաշտի չափսը` 7, 6 x 15,1մ.:
1896թ. նոր խաղը Սպրինգֆիլդ քաղաքում ցուցադրվեց հանդիսականներին: Հանդիպմանը ներկա պրոֆեսոր Ալֆրեդ Խոլստեդի առաջարկությամբ այն անվանվեց վոլեյբոլ, անգլերեն` << թռչող գնդակ >> :
2021թ. հայկական վոլեյբոլը տոնում է հիմնադրման 95-ամյակը: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան ընթացիկ տարում մի քանի միջոցառումներ կանցկացնի Գյումրիում: Ընտրությունը պատահական չէ, քանզի մեր երկրի << Հայրաքաղաքում >> է առաջին անգամ / 1926թ. / տեղի ունեցել վոլեյբոլի ցուցադրական խաղ:
Դիտարժան մարզաձև է վոլեյբոլը: Տասնամյակներ առաջ այն մեծ մասսայականություն էր վայելում Հայաստանում: Բոլոր բնակավայրերում եղել և գործել են բացօթյա խաղադաշտեր: Տարբեր տարիքի մարդկանցով համալրված թիմերը, նաև գյուղական բնակավայրերում, մրցել, պայքարել են թռչող գնդակով միավոր շահելու, հաղթելու համար:
Մարզաձևի ՀՀ ֆեդերացիան հնարավորության սահմաններում պահպանում է մարզաձևը, ջանք չի խնայում այն մասսայականացնելու համար:Ավելին, իր օրացույցում տեղ է հատկացրել նաև լողափնյա և ձյան վրա մրցաձևերի համապետական և միջազգային մրցաշարերին:
Ունենք նաև լավ ավանդույթներ: Նշենք Մյունխենի օլիմպիական խաղերի / 1972թ. / արծաթե մեդալակիր Նինա Մուրադյանին, Եվրոպայի չեմպիոն Սերոբ Փլավչյանին, էլ չենք ասում ԽՍՀՄ տղամարդկանց և կանանց առաջնություններում հանդես եկած մեր թիմերի ու նաև այն մասին, որ հայրենական դպրոցի տասնյակ ներկայացուցիչներ հրավիրվել ու հիմնական գրանցում են ստացել ԽՍՀՄ տարբեր քաղաքների ուժեղագույն ակումբային թիմերում: Հենց Գոռ Ալեյանը իր վարպետությունն է դրսևորել Լենինգրադում ու հիմա Երևանում օլիմպիական հերթափոխի խաղերի մարզադպրոց է ղեկավարում:
Մարզաձևի մեր ազգային ֆեդերացիան անդամակցում է վոլեյբոլի եվրոպական և միջազգային ֆեդերացիաներին:Հավելենք, որ առաջին անգամ 1964թ. Տոկիոյի օլիմպիական խաղերում են մեդալներ վիճարկել վոլեյբոլում: