Մեկ տարի հետո Պեկինում կմեկնարկեն ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերը. ՖՈՏՈՇԱՐՔ
Մեկ տարի հետո, 2022թ․ փետրվարի 4-ին, Պեկինում կմեկնարկեն ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերը:
Ակնկալվում է, որ ձմեռային սպորտի գլխավոր մարզահանդեսին կմասնակցեն ավելի քան 95 երկրների 3000 մարզիկ - մարզուհիներ:
Մրցումները կանցկացվեն Չինաստանի երեք քաղաքների՝ Պեկինի, Չժանցզյակոուի և Յանցինի 25 մրցասպարեզներում: Խաղարկվելու է մեդալների 109 հավաքածու։
Կազմակերպիչները օգտվել են 2008-ի ամառային օլիմպիական խաղերից մնացած ժառանգությունից։ Նոր շինարարարական աշխատանքներ չեն իրականացվել, ինչը էապես նվազեցրել է ծախսերը։
Բացման և փակման արարողությունները տեղի կունենան նույն ՝ << Թռչնաբույն >> մարզադաշտում, որը տեղավորում է 91 հազար հանդիսական: Կառույցով հիացել են 2008-ի ամառային խաղերի մասնակիցները։
ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը, դեռևս տարեսկզբին հայտնել է, որ բոլոր մարզակառույցները լիովին պատրաստ են և արդեն կարող են ընդունել մարզիկներին։
Կազմկոմիտեն հաստատել է է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված յոթ մարզաձևերի 24 մրցաձևերի պատկերագրերը։ Դրանք համահունչ են և ներշնչված են չինական ավանդական փորագրության ոճով։ Ձևավորման մեջ նկատելի է նաև ազգային գեղագրությունը: Պատկերագրերը մարմնավորում են ձմեռային մարզաձևերի դինամիկան ու այդ երկրի հարուստ մշակույթը:
Կարմիր հիմնապաստառի և սպիտակ ֆիգուրների միջև խիստ հակադրությունը ընդգծում է սպորտի նրբագեղությունը և խաղերի մթնոլորտը, որոնք տեղի կունենան չինական լուսնային ամանորի տոնակատարությունների ժամանակ:
Պատկերները մշակելիս նկարիչները ոգեշնչվել և օգտվել են << Պեկին – 2008 >> խաղերի նկարներից:
Ոճերի նմանությունը ընդգծում է առաջիկա մարզահանդեսի յուրահատկությունը, քանի որ Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է, որտեղ տեղի կունենան ինչպես ամառային, այնպես էլ՝ ձմեռային օլիմպիական խաղեր:
Խաղերի թալիսմանը Բին Դվեն Դվեն անունով պանդան է։ Այն խորհրդանշում է մարզիկների ուժն ու կամային որակները և նման է տիեզերագնացի:
Լապտեր երեխայի տեսքով ․ այսպես է ներկայացված է պարալիմպիկ խաղերի Շուեյ Ռոն Ռոն թալիսմանը։ Այն ջերմություն, ընկերություն, քաջություն և համառություն է ներշնչում:
Պատրաստ է նաև օլիմպիական ջահը:
Սպասվում էր, որ անցյալ տարի օլիմպիական ասպարեզներում պետք է տեղի ունենային ստուգողական մրցումներ, բայց խանգարեց համաճարակը։ Այս առումով ամբողջ բեռը ընկնելու է առաջիկա աշնան վրա :