211652_close_icon
views-count2394 դիտում article-date 20:06 01-02-2021

Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնելն ու մահացածների աճյունների հանձնումը մերժելն անթույլատրելի է. ՄԱԿ–ը հայտարարություն է տարածել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները հանդես են եկել կոչով և հորդորել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով գերեվարված բոլոր գերիներին և այլ պահվող անձանց։ Հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ–ի կայքում։ «Բոլոր նրանք, ովքեր ազատությունից զրկվել են հակամարտության պատճառով, պետք է վերադառնան իրենց տներ` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանագրի»,- ասվում է հայտարարության մեջ։ Ըստ ՄԱԿ–ի փորձագետների` զոհվածների աճյուններն էլ պետք է վերադարձնեն ընտանիքներին` պատշաճ կերպով թաղումներ կազմակերպելու համար։ «Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնելն ու մահացածների աճյունների հանձնումը մերժելն անթույլատրելի է և նշանակում է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հանձն առած պատասխանատվությունից խուսափում», – գրված է ՄԱԿ–ի հայտարարության մեջ։ ՄԱԿ–ում նաև անհանգստացած են այն լուրերից, որ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև սպանվել են։ Փորձագետները դիմում են երկու կողմին էլ` առանց հստակեցնելու, թե որ կողմն է խոշտանգումների ենթարկել գերիներին։ «Մենք դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին` իրականացնել մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների վերաբերյալ և հանցագործներին պատասխանատվության ենթարկել և տուժածներին հատուցել», - գրված է հայտարարությունում։ Նշվում է, որ փորձագետները կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ և վերահսկել իրավիճակը: Նշենք, որ համաձայն Արցախի ՄԻՊ–ի զեկույցի` 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է 60 քաղաքացիական անձ, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 39, իսկ գերեվարման մեջ՝ 21 քաղաքացիական անձ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով։

Նմանատիպ նյութեր