211652_close_icon
views-count32525 դիտում article-date 10:37 27-01-2021

Հադրութը պե՛տք է վերադառնա Արցախի գիրկը, ու ոչ միայն Հադրութը․ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար»

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Հադրութի ռազմակալումը արմենոցիդի քաղաքականության հերթական շրջանն է, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև որոշ պետություններ: Հադրութին ջարդուփշուր արեց հարյուր երեսուն տարիներ կամայական ու անպատիժ գործող ցեղասպանը. այդ մարդակերը այստեղ հայտնաբերեց նաև Բաքվից փախստական Բենիկին ու նրա կնոջը` Լենային. Բենիկին գնդակահարեց փողոցում ու սպանդի տեսանկարը` որպես սպառնալիք տարածեց, իսկ Լենային տանջամահ արեց, գլխատեց… Մեծ Մերձավոր Արևելքի արևմտյան փեշերից մինչև Կասպից Արևմուտք Թուրքիան ավելի քան հարյուր տարի անց տանում է ցեղասպանության մի նոր ընթացք` վերապրած բնիկ ժողովուրդների բեկորների դեմ: Անցյալ տարվա հզոր ագրեսիայի հերթը ընդդեմ հայության էր: Ու դրան թրքական դիվանագիտությունը պատրաստվել էր 1992 թվականից, երբ սողոսկեց Մինսկի խումբ ու «հիպնոսացրեց» ոչ միայն հզոր պետություններին, այլև հայկական ամուլ ու ստրկամիտ իշխանական ու քաղաքական վերնախավին` 28 տարիներ անընդմեջ: 1994 թվականից շրջանառության մեջ դրեցին «ադրբեջանցի փախստականների» վերադարձի ու «օկուպացված տարածքների» կեղծ խնդիրները, բանակցային ողջ ընթացքում հայության ցեղասպանության փաստը վերափոխելով տարածքային վեճի ու շրջանցելով Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյությունը միջազգային իրավունքի դաշտում, Հայաստանին տվեցին ագրեսորի ու օկուպանտի կարգավիճակ, կասկածի տակ դրեցին հայոց պետականության կենսունակությունը : Թուրքիան ու Ադրբեջանը ավելի լկտիացել են ու օգտվելով նաև միջազգային կառույցների ծախու կեցվածքից` աշխարհին բազում անգամներ մատուցել են այդ կեղծիքները ու «համոզել» դրանցում: Հզոր պետություններն ու միջազգային կառույցները, որոնք 1988-ին, 1989-ին, 1990-ին ակտիվ աղաղակում էին հայության ջարդերի դեմ` Սումգայիթում, Բաքվում, որակելով այն ցեղասպանական, ԽՍՀՄ փլուզումից հետո` 1991 թվականից, լուռ հետևեցին, թե էլ ինչ նոր մեթոդներով է Ադրբեջանը շարունակելու արմենոցիդը Արցախից մնացած վերջին բեկորի վրա` ԼՂԻՄ-ում: Ռուսաստանի Դաշնության իշխանությունները սումգայիթյան ջարդերում մեղադրելով խորհրդային իշխանություններին, ոչինչ չձեռնարկեցին այդ ջարդերի հետևանքների վերացման համար` որպես ԽՍՀՄ իրավահաջորդ ու իրավաշարունակող, չարձագանքեցին Հայկ. ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշմանն ու դիմումին` ճանաչել այդ ջարդերը ցեղասպանության շարունակություն և վերացնել հետևանքները: Ավելին, արդարության հայկական նժարին խփում են հենց իրենց նեղ շահերի սպասարկման համար, մի դեպքում հիշեցնելով, որ կոնֆլիկտը էթնիկ հողի վրա է, մի այլ դեպքում` ոտնահարելով օրենսդրության տրամաբանությունն ու անկողմնակալությունը, նաև վերահաստատելով իրենց կողմից պարսավանքի արժանացած բոլշևիզմի որոշումները, հայտարարում են Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածք: Ուժի սպառնալիքի տակ, անվարան ու բացահայտ էթնոցիդի պայմաններում ռազմակալում են Արցախի Հանրապետության Քաշաթաղի ու Շահումյանի շրջանները, Շուշին: Եվ ոչ մի ցուցում Թուրքիայի կողմից ահաբեկիչների ներկրման դեմ, ասես`համաշխարհային այդ պոռնկուհուն տիրանալու համար մրցակցություն է, և դրա համար է, որ ցանկացած հանցանք «անտեսվում» է: Շուրջ 100 000 հայեր դարձան փախստական, ով առաջին անգամ, ով էլ կրկին ու կրկին դարձավ փախստական, քսանվեց տարիներ անընդմեջ անցկացնելով ցեղասպան Ադրբեջանի ագրեսիայի սպառնալիքի տակ: Նոր հայ փախստականները եկան լրացնելու 1987-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստական դարձած ավելի քան 800 000 հայ փախստականների շարքերը, որոնց քշեցին ու ցրեցին աշխարհով մեկ, խլելով նրանցից համայնքային ինքնությունը, կապը իրենց եկեղեցիների ու ուխտագնացության սրբավայրերի, մշակութային կոթողների հետ: Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հարցը քաղաքական կոռուպցիայի տիրույթում 1992 թվականից կոծկված ու արհամարհված է նախ և առաջ հայկական քաղաքական վերնախավի կողմից, ու ի՞նչ վերաբերմունքի կարժանանան հայ փախստականների այս նոր խումբը. պատասխանը` առայժմ շատ անորոշ ու անվստահելի վիճակ է: Այսօր 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 7-րդ կետում խոսք է գնում փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի մասին`«Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»: Ալիևը ակտիվորեն առաջ է տանում Հայաստանից տեղահանված «ադրբեջանցի փախստականների» Հադրութ «վերադարձի» ագրեսիվ դիրքորոշումը: Բացակայում է հայկական իշխանական օղակների արձագանքն ու նախաձեռնությունը` ամուլ ու ստրկամիտ 28-ամյա հոգեվիճակի իներցիայով: Պատերազմին «ընդդիմացած» ու խաղաղություն հաստատած Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, անշուշտ, հետևողական կլինեն ու կապահովեն նոյեմբերի 10-ի հայտարարության 7-րդ կետի իրականացումը` Հադրութ, Քաշաթաղ ու Շահումյան, Ջրական, Վարանդա, Ակն, Շուշի և մյուս բնակավայրեր 2020 թվականի ցեղասպանական ագրեսիայի պատճառով փախստական ու ներքին տեղահանված դարձած հայերի վերադարձը, ու այստեղ Ալիևի ու Էրդողանի քմահաճույքին ու վարձկան ահաբեկիչներով դրանց սպառնալիքներին տեղ չեն տա. այսօր դա է պահանջում Ռուսաստանի Դաշնության միջնորդ ու խաղաղապահ կարգավիճակը: Հայ փախստականների վերադարձի համար պարտավորություն ունի հենց ՄԱԿ-ը, որը ի վերջո պետք է վերհիշի ու հարգի 1994 թվականի իր չորս ռեզոլյուցիաները, 1936 թվականի Մոնթեվիդեոյի իր կոնվենցիան, 1973 թվականի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ագրեսիայի բնորոշման փաստաթուղթը ու նաև ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված ու չճանաչված Արցախի Հանրապետության վրա տարածվող իր այն դրույթը, համաձայն որի Արցախի Հանրապետությունը գտնվում էր միջազգային իրավունքի պաշտպանության տակ և պետք է գործեր ուժի կիրառման արգելքը: ՄԱԿ-ը պետք է վերահաստատի հարգանքն ու հավատարմությունը իր իսկ ընդունած սկզբունքներին ու որոշումներին և քրեական գործ հարուցի ընդդեմ դրանց ոտնահարած ցեղասպան երկու պետությունների դեմ, եթե ո՛չ, ապա կվերահաստատի այն անվստահությունը, որ ՄԱԿ-ը ուժեղների համար թույլերին կառավարելու միջոց է: Հադրութը առանձնանում է նրանով, որ լինելով ԼՂԻՄ կազմում, խորհրդային տարիներին էլ պահպանեց իր հայաբնակ լինելը, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը 1921 թվականի բոլշևիկյան որոշումից հետո հիմնականում հայաթափվեցին, միայն 1994 թվականին ազատագրվելուց հետո այնտեղ իրենց պաշտպանությունը գտան և ապրեցին հայ փախստականները` հիմնակնում Գարդմանքից: Ու այստեղ հիշեցնենք, որ 1988-1992 թվականներին Ակն/Աղդամից, Ջրական/Ջեբրայիլից, Կովսական/Զանգելանից, Քարվաճառ/Քելբաջարից, Բերձոր/Լաչինից, Քաշունիք/Կուբաթլուից, Վարանդա/Ֆիզուլիից 30 298 հայեր բռնագաղթեցին Հայաստան և գրանցվեցին փախստականների կոմիտեում: Հադրութը հայկականության մի գողտրիկ անկյուն էր իր մշակութային կյանքով, իր մտավորական խավով, իր անցյալով ու ներկայով, իր նիստ ու կացով, իր համայնքով: Հադրութը պետք է վերադառնա հադրութցիներին, որ նրանք կարողանան իրենց ինքնությունը պահպանել իրենց բնօրրանում: Հադրութը պե՛տք է վերադառնա Արցախի Հանրապետության գիրկը, ու ո՛չ միայն Հադրութը, նաև Քաշաթաղն ու Շահումյանը, Ջրականը, Վարանդան, Ակնը, Շուշին և մյուս բնակավայրերը. սա է պահանջում նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետը: Եթե ո՛չ, ապա Մոսկվան կասկածի տակ կդնի իր միջնորդի ու խաղաղապահի կարգավիճակը ու կվերահաստատի Արեւմուտքի այն կարծիքը, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղը բաժանեց իր ու ցեղասպան Թուրքիայի միջև»:

Նմանատիպ նյութեր