211652_close_icon
views-count1204 դիտում article-date 13:30 26-01-2021

Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ. ՄԻՊ-ն ահազանգում է

Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի մոտ 1500 հուշարձաններ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է զեկույց, որում ահազանգել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի մասին։ Ըստ զեկույցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները: «Զեկույցում ներկայացված են ադրբեջանա–թուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ըստ պաշտպանի աշխատակազմի՝ առկա փաստերի վերլուծության՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի...

Опубликовано Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Вторник, 26 января 2021 г.

Նմանատիպ նյութեր