211652_close_icon
views-count1411 դիտում article-date 17:11 20-01-2021

ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում

Երևանում ողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից: «Արմենպրես»-ին Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն է, ինչ ընթանում են աշխատանքները, և մինչ լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքը, որպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովել: Հետո անցնելու ենք երկրորդական փողոցներին, ինչպես նաև մայթերի մշակմանը»,- նշում է «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Ամառային անվադողերով ավտոմեքենաները դժվարություններ են առաջացնում ձնամաքրող տեխնիկայի և մեքենաների երթևեկության համար։ Բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են նաև փողոցներում երկկողմանի կայանած մեքենաները: «Դժվարանցանելի ճանապարհներ, ինչքան որ մենք տեսնում ենք, չկան, բայց ամեն դեպքում դժվարություն կա: Կոչ ենք անում վարորդներին, դա նաև պահանջ է, որպեսզի պարտադիր երթևեկեն ձմեռային անվադողերով, որպեսզի վթարները համեմատաբար քիչ լինեն», - նշում է ՃՈ առաջին սպայական գումարտակի երկրորդ սպայական դասակի տեսուչ Նաիրի Գաբրիելյանը: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այս պահին սպասարկում է 10-ը վարչական շրջան: Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն իրականացնում է կապալառու ընկերությունը: «Մենք դեռևս համալրում ենք հիմնարկի հատուկ տեխնիկան, ուստի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները սպասարկում է մրցույթը հաղթած կապալառու ընկերությունը: Հուսով եմ, որ մենք այս տարի կհամալրենք մեր պարկը և ամբողջ 12 վարչական շրջանները կմաքրի համայնքային կառույցը»,- ընդգծում է Արմեն Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր