211652_close_icon

Փաշինյանը կարող է դառնալ «Սերժ Սարգսյան»․ «Առավոտ»

views-count4141 դիտում article-date 10:49 15-01-2021
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկու տարի առաջ մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի վերարտադրել իր իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես որ դա անում էին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Բայց ժամանակները փոխվում են. երկու տարի առաջ նույնիսկ ամենասարսափելի երազում չէի կարող տեսնել, որ մենք կկորցնենք Արցախի 70 տոկոսը, կունենանք հազարավոր զոհեր և փախստականներ: Եվ քանի որ այսքանից հետո Փաշինյանն իրեն այդ ամենի համար մեղավոր չի համարում, հրաժարական չի տալիս և չի հեռանում քաղաքականությունից, դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանություն պահելը նրա համար ամենասկզբունքային խնդիրն է: Եկեք հակիրճ հիշեցնենք, թե երբ է հնարավոր իշխանության վերարտադրությունը. 1/ կիրառվում է վարչական ռեսուրսը, 2/ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական ծառայությունը, դատախազությունը պետության առաջին դեմքի գրպանում են և ենթարկվում են նրա քաղաքական հրահանգներին (վերջերս վարչապետն իր դժգոհությունն է հայտնել, որ դատարանները նրա գրպանում չեն, բայց դա մոտակա ամիսներին «կշտկվի»), 3/ օլիգարխիան իր միջոցներով ծառայում է իշխանությանը, 4/ խորհրդարանական մեծամասնությունն՝ ուղեղն անջատած, կատարում է պետության ղեկավարի քմահաճույքները, «իմքայլական» պատգամավորների սրընթաց «շմայսացումը» կարելի է դիտարկել որպես դրա ուղեկցող էֆեկտ: Այդ ամենը կար «Սերժի վախտ» և կա հիմա՝ ինչ էլ ասեն իշխանության քարոզիչները: Այդ ամենն ինձ թույլ է տալիս կարծելու, որ եթե Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում և այդ պայմաններում անցկացվեն արտահերթ ընտրություններ, ապա ներկայիս վարչապետը քաղաքական իմաստով կդառնա «Սերժ Սարգսյան» կամ «Ռոբերտ Քոչարյան»: Այս՝ անիմաստ և զուտ ձևական ընտրությունների դեպքում, իհարկե, կգտնվեն գրպանային «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնց առաջնորդները չեն դիմանա գայթակղությանը՝ ունենալու խորհրդարանում 10 կամ 20 պատգամավոր և հանդես գալ այդ ներկայացման մեջ ստատիստի դերում՝ «Իմ քայլի» «կայուն մեծամասնության» պայմաններում: Հայաստանում իշխանությունը երբեք ընտրությունների միջոցով չի փոխվել: 1998 թվականին կազմակերպվեց պալատական հեղաշրջում, և դրան հաջորդած ընտրությունները պարզապես ամրագրեցին արդեն դե ֆակտո տեղի ունեցած իշխանափոխությունը: 2018-ին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, և նույն թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները զուտ տեխնիկական միջոցառում էր, որն ամրագրեց արդեն իսկ իշխանության եկած Փաշինյանի իշխանությունը: Այս փորձից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ ներկայիս վարչապետը իշխանությունից կհեռանա երկու դեպքում. 1/ ուժայինները նրան կդավաճանեն և իշխանության կգան հեղաշրջման միջոցով, 2/ ֆեյսբուքում, իսկ այնուհետև փողոցում կհայտնվի Նիկոլ- 2-ը, որը ատելություն կբորբոքի Նիկոլ-1-ի հանդեպ, փողոցում կհայտնվեն հարյուր հազարավոր մարդիկ՝ այնպես որ Նիկոլ-1-ը ստիպված կլինի հրաժարական տալ: Այդ երկու սցենարներն ինձ համար պակաս ընդունելի են, քան ներկայիս status quo-ի պահպանումը, որովհետև ա/ ապակայունացնելու են առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը, բ/ սկզբունքորեն ոչ մի բան չեն փոխելու պետական ինստիտուտների առումով, ինչպես ոչինչ չփոխեց Սերժ Սարգսյանին Փաշինյանով փոխարինելը: Այնպես որ, եթե Փաշինյանն է անցկացնելու արտահերթ ընտրությունները, ավելի լավ կլինի, որ դրանք ընդհանրապես չլինեն՝ պետք չէ մարդկանց իզուր տեղը գրգռել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր