211652_close_icon
views-count4404 դիտում article-date 12:18 31-12-2020

Ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար․ Արմեն Մուրադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել․ 2021 թվականն ապրելու ենք ԽԱՂԱՂ ու ԱՌՈՂՋ!!! Մենք պարտավոր ենք ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործերն ավարտին հասցնելու համար․․․ Սիրելի՛ ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Գալիք տարին թող լինի ձեռքբերումների, դժվարությունների հաղթահարման, խաղաղության տարի: Աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավեր էր առողջապահության, կրթության և մյուս ոլորտների համար: Անգնահատելի են դրա դեմ պայքարող սպիտակ բանակի ներկայացուցիչների ներդրած ջանքերը: Համատեղ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց հաղթահարել նաև ուսումնական գործընթացի իրականացման դժվարությունները. բժշկական բուհը գործում է անխափան, յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով կարևոր ներդրում ունի կրթական գործընթացի զարգացման գործում։ 2020 թվականին լրացավ բժշկական բուհի 100-ամյակը: Այս տարին հոբելյանական էր մեկդարյա համալսարանի համար, սակայն, ցավոք, նախանշված միջոցառումները փոխարինվեցին օրակարգային, օպերատիվ կազմակերպում պահանջող բազմաթիվ այլ աշխատանքներով: Կարևոր է, որ յուրաքանչյուր համալսարանական զգա այն հսկայական պատասխանատվությունը, որը ենթադրում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սովորող և շրջանավարտ լինելը: Համալսարանականների կողմից այդքան սպասված հոբելյանը ստվերվեց սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ հրահրված ադրբեջանաթուրքական պատերազմով: Այն մեզանից խլեց լավագույններին. շուրջ երեք տասնյակ ԵՊԲՀ շրջանավարտներ, ուսանողներ ու սովորողներ անմահացան հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Նրանց հիշատակը հավերժ է… Համավարակի պայմաններում և պատերազմի ժամանակ շատ ապագա բժիշկներ, ռազմական բժիշկներ, ուսանողներ իրենց մարդկային ու մարդասիրական պարտքը կատարեցին, սխրանքներ գործեցին, ձեռք բերված գիտելիքները ներդրեցին հանուն մարդկային կյանքերի փրկության: Կրթությունն ու գիտությունը մեր գալիք օրվա երաշխիքն են: Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար: Մեր աշխատանքի առանցքում շարունակում են մնալ վիրավորում ստացած զինվորների ապաքինումը, վերականգնողական բուժումն ու նրանց լիարժեք կյանքի ապահովումը: Սա նվազագույնն է, որ կարող ենք անել: Այս հարցում ևս մեր ամենօրյա հաջողությունները տեսանելի են: Սիրելի՛ ապագա բժիշկներ, սովորողներ, շնորհակալ եմ նաև ձեզ, որ ջանք չխնայեցիք հեռավար ուսումնական գործընթացի իրականացման հարցում ձեր կարևոր դերակատարությունն ունենալու համար: Վստահ եմ, որ շուտով հնարավորություն կունենաք առցանց ստացած գիտելիքները կիրառելու նաև գործնական հարթակում՝ ծառայեցնելով դրանք մեր երկրի և պետության հզորացմանը: Թո՛ղ, որ ձեզ հաջողվի դառնալ 100-ամյա բժշկական դարբնոցի լավագույն ավանդույթների պահպանողն ու տարածողը: Մաղթում եմ բոլորիդ տոկունություն, ամրություն, խաղաղ օրեր: Կհանդիպենք 2021 թվականին՝ նոր սպասումներով, նոր ակնկալիքներով և ծրագրերով»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր