211652_close_icon
views-count2094 դիտում article-date 16:33 29-12-2020

Թուրքիան ակնկալում է, որ Արցախում հրադարարը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնը շուտով կգործի

Անկարան ակնկալում է, որ շատ շուտով Լեռնային Ղարաբաղում կսկսի գործել հրադադարի վերահսկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո: Գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10377561]tass.ru[/url]-ն։ «Ղարաբաղի վերաբերյալ: Մենք տեսնում ենք, որ հաստատվել է հրադադարի ռեժիմ: Հուսով ենք, որ կարճ ժամանակում կստեղծվի հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոնը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Մևլութ Չավուշօղլուն Սերգեյ Լավրովի հետ քննարկել է 2 երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման հարցը, որը նախատեսված է հաջորդ տարի՝ Թուրքիայում։ «Մեր նախագահների միջև սերտ երկխոսությունը, նրանց միջև փոխադարձ վստահությունը նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը։ Այսօր մենք պատրաստվում ենք մեր նախագահների` հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք գագաթաժողովին»,- ասել է Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳՆ-ի ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստում: Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարայում գոհ են Մոսկվայի հետ սերտ երկխոսությունից, տեղեկացնում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10375925?fbclid=IwAR2kgVhBpXqoA-qI6hQWXQht4V4IirPoHeLHCXxQ8J0TEejFvg89z-tShaQ]tass.ru[/url]-ն: Թուրքիայի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել թուրքական լոլիկի ներմուծման քվոտաները ընդլայնելու ռուսական կողմի որոշման կապակցությամբ: Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման կարևորությունը: «Ռուսաստանի քաղաքացիները այցելում են Թուրքիա առանց այցագրային որևէ պահանջի: Հուսով ենք, որ ռուսական կողմից նույնպես նմանատիպ քայլ կլինի»,- ասել է Չավուշօղլուն:

Նմանատիպ նյութեր