211652_close_icon
views-count4732 դիտում article-date 23:38 28-12-2020

Նարեկը մահը գերադասեց գերությունից․ 3 տանկ խոցած եւ Շուշիի մարտերում նահատակված կրտսեր սերժանտի մասին

Նարեկը մահը գերադասեց գերությունից, որը տղամարդու, հերոսի արարք է. [url=https://news.am/arm/news/621398.html?fbclid=IwAR3dSprqtVHsn5jy2ngDQB31FdJjuO6SlUjGKET18U0czU73_sUDyS4iECY]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասում է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերի ընթացքում նահատակված Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը։ Շուշիի մատույցներում կռվի ժամանակ Նարեկն արդեն ոտքից վիրավորում էր ստացել, բայց շարունակել էր կռվել։ Նա շրջափակման մեջ էր ընկել ու ինչպես հայրն է ասում՝ նախընտրել էր ինքն իր կյանքին վերջ տալ, քան թշնամու հարվածից զոհվել։ «Մեզ զոհված հերոսներ պետք չէին, մեզ հերոսներ էին պետք, որոնք ողջ կվերադառնային։ Իմ հպարտությունը նրանում է, որ տղաս ոչ մի օր չզանգեց, ասի՝ մամ ջան, պապ ջան, ոտքս ցավում է, կարո՞ղ եք ինձ մի շաբաթով հոսպիտալ պառկեցնել։ Մեծատառով տղա ունեմ, որքան էլ ես սգամ, գիտակցում եմ, որ ինքն ինձ հետ է, բայց չեմ կարող նաեւ համակերպվել էն մտքի հետ, որ ինքը մեզ հետ չէ»,- ասում է Նարեկի հայրը։ 19-ամյա Նարեկը 2020թ․-ի հունվարի 7-ին էր զորակոչվել բանակ։ Ծառայության առաջին վեց ամիսը Գյումրիում է եղել, ապա կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել Ստեփանակերտ։ Պատերազմի օրերին Նարեկը գրեթե միշտ կապ է ունեցել հարազատների հետ։ Հայրը պատմում է, որ սկզբնական շրջանում իրենցից գաղտնի է պահել, որ մասնակցում է ռազմական գործողություններին, միայն օրեր անց է այդ մասին իմացել եղբոր որդուց։ «Ես չէի էլ ցույց տալիս, որ գիտեմ այդ մասին։ Երբ ես էի որպես կամավոր գնացել, ես էլ նրան չէի ասել, բայց Նարեկը զգում էր, որ տանը չեմ, էնքան էր պնդել, մինչեւ կինս ասել էր, որ ես էլ եմ էնտեղ, որ ուզում եմ գնալ իր մոտ, մորն ասել էր՝ թող հանկարծ չգա, ես իրե՞ն տիրություն անեմ, թե՞ կռիվ անեմ»,- պատմեց հայրը՝ հավելելով, որ ինքն էլ Աղդամում է եղել, բայց այդպես էր չի հաջողվել որդու մոտ գնալ։ «Միշտ բարձր տրամադրություն ուներ։ Ինքն ինձ հույս ու դուխ էր տալիս՝ պապ, զգույշ եղի, քեզ լավ պահի, փոխարենը ես նրան էդպիսի բաներ ասեի։ Նոյեմբերի 7-ին ենք նրա հետ վերջին անգամ կապ ունեցել։ Ընկերոջ ու հորեղբոր որդու հետ էր նաեւ խոսել։ Ընկերոջից պահանջել է, որ իր փոքր եղբորը լավ նայի, իսկ հորեղբոր տղային էլ ասել է, որ մեզ՝ բոլորիս շատ է սիրում, ինքն իմացել է, թե ինչ պետք է լինի իր հետ, շատ արագ փոխանցել է իր մտքերն ու կապն ընդհատել, որովհետեւ շրջափակման մեջ է ընկած եղել, դիմացը՝ թշնամի, ետեւը նորից թշնամի»,- պատմում է Նարեկի հայրը։ Նարեկ Բադալյանը տան ավագն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ունի։ Քույրը՝ Անուշիկը մեզ հետ զրույցում ասում է․ «Նարեկը խելացի, կենսուրախ, ու շատ հոգատար էր։ Մենք նույն դպրոցում էիք սովորում, ամեն օր ներս էր մտնում իմ դասարան, հետաքրքրվում՝ ոնց եմ, գրավորներս ոնց եմ գրել, դեռ քանի ժամ ունեմ, որ իրար հետ տուն գնանք։ Մենք շատ կապված էինք իրար հետ»։ Հարազատների հետ զրույցներում Նարեկը պատերազմի մասին շատ չէր խոսում, Անուշիկը հիշում է, որ եղբայրը հուսադրում էր՝ ամեն ինչ լավ է լինելու։ Զուսպ ու համեստ Նարեկը տանեցիներին չէր ասել նաեւ, որ 3 տանկ է խոցել, այդ մասին էլ վերջերս են իմացել։ «Քանի որ ինքը հունվարի յոթին էր զորակոչվել, ես ամեն ամիս էդ օրը զանգում ու շնորհավորում էի իրեն։ Փետրվարի 7-ին իր երդման արարողությունն էր, մեզ ասում էր՝ քիչ մնաց, դիմացեք։ Էդպես ամեն ամսի յոթին ես զանգում ու շնորհավորում էի իրեն։ Օրերն էինք հաշվում, թե երբ է հետ գալու։ Նոյեմբերի 7-ին երբ զանգեց, երկու անգամն էլ մաման խոսեց հետը, ես կողքից միայն բարեւեցի, չհասցրեցի հետը խոսեմ ու շնորհավորեմ, որ ծառայության տասներրորդ ամիսն է լրացել»,- արցունքները հազիվ զսպելով՝ պատմեց քույրը։ Նարեկին հարազատները վերջին անգամ տեսել են հենց երդման արարողության օրը, դրանից հետո համավարակով պայմանավորված ո՛չ տեսակցություններ էին թույլատրում, ո՛չ էլ արձակուրդ տրամադրում զինվորներին։ Պատերազմը դեռ չսկսած, հորեղբոր կինը մի օր Նարեկին հարցրել էր, թե ե՞րբ արձակուրդ գա, ի՞նչ կուզի, որ իր համար անեն, Նարեկն ասել էր․ «Ոչ մի բան չեմ ուզում, միայն անկողինս առանձնացրեք, դրեք մի անկյունում, փոքրիկ պահարանը կողքը, վրան էլ նկարս դրեք, մինչեւ ես կգամ, չթողեք ոչ մեկ անկողնումս քնի»։ Արվեց այնպես, ինչպես Նարեկն էր ուզել։ 19-ամյա Նարեկը հուղարկավորվել է Արմավիրի մարզի Ծաղկալունջ գյուղում։ Քրոջ խոսքով՝ նա գյուղի առաջին հերոսն է։ Որոշել են գյուղում պանթեոն բացել, որը կկրի Նարեկի անունը։ Որոշում կա նաեւ՝ գյուղի դպրոցն անվանակոչել Նարեկի անվամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր