Ծաղկեդրում՝ ի հիշատակ լեգենդար Արկադի Անդրեասյանի
                        Դեկտեմբերի 24-ին, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները, հայկական ֆուտբոլի վետերաններն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ ծաղկեդրում են կատարել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի արձանի մոտ: 
«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի ամբողջ կյանքի սերը  ֆուտբոլն էր։ 
«Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար ֆուտբոլիստը թիմի հաղթանակ կերտող և  լավագույն պատրաստվածությամբ խաղացողներից էր։ Խաղընկերների խոսքով՝ Անդրեասյանն աչքի էր ընկնում նաև բացառիկ մարդկային որակներով և մտքի ճկունությամբ։ 
Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և այլ պաշտոնատար անձինք ու ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։ 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան 73 տարեկան հասակում հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ, նախկին ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արկադի Անդրեասյանը հեռացել է  կյանքից։  
Լեգենդար ֆուտբոլիստի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

