211652_close_icon
views-count906 դիտում article-date 09:01 25-12-2020

Ցնցումների տարի. ինչ փորձություններ բաժին հասան Հայաստանին ու Արցախին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2020 թվականը ծանր տարի էր աշխարհի և ամենից շատ Հայաստանի համար: Եթե այլ երկրներ փորձում էին հաղթահարել կորոնավիրուսային համավարակը միայն, ապա Հայաստանի ու Արցախի դուռը թակեց նաև դաժան պատերազմը: Աշխարհը փոթորկած կորոնավիրուսը ստիպեց շատ երկրներին մուտք ու ելքի, ներսում շրջելու սահմանափակումներ կիրառել՝ փորձելով քչացնել վարակի տարածումը: Հայաստանն այդ առումով բացառություն չէր: Հայաստանում կորոնավիրուսային առաջին վարակի դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին: Դրանից հետո վեց ամիս շարունակ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ապա ևս վեց ամիս կարանտին հայտարարվեց, որն էապես չէր տարբերվում նախորդից: Արդեն սեպտեմբերի 27-ից բոլորը, մոռանալով կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների մասին, լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին: 44-օրյա պատերազմն ավելի ծանր հետևանքներ թողեց Հայաստանի և Արցախի համար: Նոյեմբերի 21-ի հավելվածում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։ Ըստ այդ ցանկի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների թիվը 121 է, որոնցից 52-ը Քաշաթաղի շրջանում են, 29-ը՝ Հադրութի շրջանում, 16-ը՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանում, 8-ական՝ Մարտակերտի և Ասկերանի շրջանում, 6-ը՝ Մարտունու շրջանում, և 2-ը՝ Շուշիի շրջանում։ Այս ցանկը հնարավորություն է տալիս հասկանալ, թե Արցախի որ բնակավայրերն են անցել ադրբեջանական կողմին և որոնք են մնացել հայկական վերահսկողության տակ։ Այս պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը գրավել է Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող երկու գյուղ՝ Թալիշը և Մատաղիսը։ Հադրութի շրջանում բնակվում էր մոտ 12,000 մարդ, բոլոր համայնքներն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ՝ բացառությամբ երկուսի՝ Խծաբերդի և Հին Թաղերի: Շուշիի շրջանում ադրբեջանական վերահսկողության տակ է մնում Շուշի քաղաքը և Քարին տակ գյուղը։ Ասկերանի շրջանի հարավում՝ Շուշիի և Մարտունու շրջանների միջև ընկած հատվածում, Ադրբեջանին են անցել Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ և Մոշխմհատ համայնքները։ Իսկ Մարտունու շրջանի հարավային մասում՝ Հադրութի շրջանի հարևանությամբ, հինգ գյուղ է անցել Ադրբեջանին՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն և Թաղավարդ։ 2021 թվականը պետք է լինի 2020 թվականի հետևանքների վերացման տարի: Պետք է Հայաստանը, քաղաքական ուժերը, բնակչությունը համատեղ ուժերով կարողանան դուրս գալ իրավիճակից և երկիրը կրկին չտանեն ցնցումների: Օր առաջ երկրում հանգիստ իրավիճակը, լարվածության վերացումը կարող է բերել դրական փոփոխությունների, որի կարիքը կա այս տարվա իրադարձություններից հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր