211652_close_icon
views-count23452 դիտում article-date 19:38 15-12-2020

Պատերազմ էր, պատմության մեջ ամենաահեղ պատերազմներից մեկը…Նվեր Ներսիսյանը սեպտեմբերի 30-ին արդեն Մարտակերտում էր, որտեղ թեժ մարտեր էին մղվում

[b]Ապրիլյան և Արցախյան 2-րդ պատերազմների ժամանակ առաջնագծում հերոս զինվորների մասին հենց առաջնագծից իր լրագրողական աշխատանքը կատարող Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. [/b] «Հայրենիքը ձեռք է բերվում ամեն սերնդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով»,-նժդեհյան այս խոսքին համապատասխան սպաներ շատ ունենք Հայոց բանակում, և ունեինք բոլոր ժամանակներում: Այսօր այդ սպաներից մեկին եմ ուզում ներկայացնել, ում մասին գրել էի նաև ապրիլյան պատերազմի ժամանակ, ով Մարտակերտի զորամասի լեգենդար գումարտակի հրամանատարն էր: Ասել է թե՝ ռազմիկը ճանաչվում է ռազմագործողություններում: Ապրիլյան պատերազմից չորս տարի անց՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին կրկին սկսվեց լայնամաստաբ պատերազմը, այս անգամ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ահռելի մեծ քանակությամբ տարբեր նորագույն զինատեսակներով, այլ պետությունների ահաբեկիչ-վարձկանների մասնակցությամբ հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Տարբեր պետությունների ռազմական ուժերի գործադրմամբ թշնամին պատերազմեց 44 օր, որի հետևանքով, ցավոք, մենք կորցրեցինք Արցախի զգալի մասը… Կռվեցին հայ մարտիկները, հերոսացան, գերևարվեցին, սպանվեցին՝ հանուն հայրենիքի, հանուն ազգի: Ահաբեկիչների դեմ կռվեցին բազում հայորդիներ, նրանք չհանձնվեցին և ընկան հերոսի մահով… Սակայն կա մի ճշմարտություն. թեկուզ թշնամին գրավել է Արցախի մեծ մասը, բայց կային տղաներ, ովքեր հերոսական կատարեցին իրենց առջև դրվածը և որոնցից շատերը զոհվեցին, մնացածները հրաշքով ողջ մնացին և, որ այդ տղաների կատարածի վրա չի կարելի աչք փակել։ Այդ հայրենապաշտ սպաներից է Մարտակերտի զորամասերից մեկի հրամանատարի դիրքերի գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Ներսիսյանը, ով բազում սխրանքների հեղինակ է, և ով 2020թ. սեպտեմբերի 1-ին արդեն ուսանում էր Երևանի զինվորական բարձրագույն ակադեմիայում՝ հրամանատարաշտաբային սպայի որակավորմամբ: Պատերազմ էր, պատմության մեջ ամենաահեղ պատերազմներից մեկը…Նվեր Ներսիսյանը սեպտեմբերի 30-ին արդեն Մարտակերտում էր, որտեղ թեժ մարտեր էին մղվում: Թշնամին արդեն գրավել էր Թալիշ գյուղը, իսկ Մատաղիսի ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում էին: Նա կրկին զբաղեցնելով իր տեղը, նետվեց մարտի դաշտ, և հրամանատարի ու զորամասի անձնակազմի հետ սկսեց կենաց ու մահու պայքար մղել: Իսկ ավելի կոնկրետ՝ զորամասի հրամանատարի հանձնարարությամբ տարբեր բարձունքներում մարտը հենց ինքն է վարել: Փոխգնդապետ Ներսիսյանի հետ մեր ունեցած զրույցի ժամանակ թեժ մարտերից մի քանի դեպքերի մասին խոսեցինք, նա ասաց. «Մարտակերտի հատվածում հակառակորդը անընդհատ գրոհներ էր ձեռնարկում մեր դիրքերի ուղղությամբ, գրոհներից մեկի ժամանակ թշնամուն հաջողվել էր գրավել 140 մ/դ-ն, բայց մենք շատ արագ հետ վերցրեցինք՝ զորամասի հրամանատարության գրագետ մարտավարության և զինվորականության շնորհիվ: Պետք է ասեմ, որ փայլուն գործողություն է իրականացրել զորամասի 3-րդ գումարտակը՝ հրամանատարի հետ միասին»: Նվեր Ներսիսյանը հպարտությամբ է խոսում Մարտակերտի զորամասի մարտագործողություններից ու քաջագործողություններից: Զորամասը ոչ միայն իր ուղղությամբ է մարտնչել այլև օգնություն է հասել տարբեր թեժ կետերում մեր մարտիկներին: Փոխգնդապետը զրույցի ժամանակ ասաց, որ մարտերի ժամանակ հրաման է ստացել Մատաղիսի ուղղությունում շրջափակումից հանելու N գումարտակի վաշտերից մեկը. «Գնացել ենք ես և մեր զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ Արմեն Հարությունյանը: Եվ մեզ հաջողվել է Մատաղիսի այդ բարձունքներից շրջափակումից հանել ու փրկել 23 զինվորի, իսկ հաջորդ օրը Մատաղիսի N գումարտակի հրամանատար Հայկ Ասրյանին իմ հետ վերցրել եմ և միասին ծածուկ տեղերով շրջափակումից հանել ենք մեծ թվով զինծառայողների, այդ ժամանակ Մատաղիսն արդեն հակառակորդի տիրապետության տակ էր»,- միշտ հաղթական սպան թեժ մարտերում մազապուրծ է փրկվել, որի մասին խոսելիս լռում է. Իմ տված բոլոր հարցերին չէ, որ պատասխանում է, միայն ասում է, որ Մարտակերտի ուղղությամբ հերոսական էին մեր բոլոր տղաները: Խոսեցինք տարբեր ուղղությունների մարտերից, ասաց, որ գումարտակ է վերցրել և մասնակցել Մարտունու և տարբեր տեղերի մարտական գործողությունների. «Մասնակցել ենք Կարմիր Շուկայի, Սարգսաշենի, Սխնախի, Խաչմաչի, Կարմիր գյուղի և այլ մարտերին: Տեսնելով մարտերը և քաջ գիտակցելով ու տիրապետելով ռազմական գործին, միայն մտածում էի զորքի մասին, արել եմ ամեն ինչ , որ իմ տարած զորքը կենդանի հետ բերեմ, ու դա ինձ հաջողվել է»: … Տարակուսած էի, կարծում էի որևէ բան կա թաքնված այս խոսքերում, փորձում էի հարցեր տալ, որևէ բան հասկանալ, սակայն ապարդյուն, սպան, այսպես ասած, չբացեց փակագծերը, կամ գուցե պարզապես ինձ էր թվում, ու ոչինչ չկար ասելու… Նվեր Ներսիսյանն ասաց, որ Մարտակերտի զորմասը շատ մեծ դիմադրություն է ցույց տվել թշնամուն. «Մեր զորամասը շատ հզոր է, ոչ մի դիրք չենք տվել, իսկ հակառակորդի առաջին նպատակներից մեկը Մարտակերտը գրավելն էր, սակայն ինչպես ադրբեջանցի գեներալն է ասում, նրանք չեն կարողացել ճեղքել 5-րդ ՊՇ-ի դիրքերը և ասում է, որ մեր զորամասը իրենց «շան օրն է գցել»: Ասեմ, որ հրամանատար Էրիկ Գրիգորյանի գլխավորությամբ զորամասը գերազանց է վարել մարտը, զոհեր էլ ենք տվել, սակայն ոչ մի նահանջ չի եղել, սակայն, ցավոք ստորագրված փասատաթղթի համաձայն, Աղդամի շրջանի վերադարձի հետ կապված զորամասի մի քանի դիրք հենց այնպես , խաղաղ տվեցինք հակառակորդին»։ Պատերազմի , կարելի է ասել, հարաբերական դադարից հետո Նվեր Ներսիսյանը նշանակվել է նոււյն զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ: Նա կշարունակի ուսումը ակադեմիայում, այժմ դեռ Մարտակերտում է՝ զորամասում, այն զորամասում, որը լեգենդար է, որի հրամանատարը, հրամկազմը արժանի են ամենաբարձր կոչումներին: Օրերս Նվեր Ներսիսյանը, Մարտակերտ քաղաքից դեպի Նոր Կարմիրավանի ուղղությամբ սահման այցելած ժամանակ, սահմանում տեսնելով ադրբեջանական դրոշը չի կարողացել հանգիստ նայել այդ տեսարանին: Բնական է, նման մարտական ուղի անցած, միշտ հաղթող լեգենդար հրամանատարի համար բավական դժվար է այդ ամենի հետ համակերպվելը: Նա պահի տակ գալիս է մտնում զերամաս վերցնում Արցածի դրոշը և տանում նույն տեղը՝ Նոր Կարմիրավանի սահման և դնում սահմանին՝ բարձր տեղ, որը տեսնում է հակառակորդն ու ձայն անգամ չի հանում: Հետաքրքիր է, եթե նվերներ շատ ունենար ազգը, եթե այլ հանգամանքներ չխանգարեին, եթե ամենն իր գործն աներ քաջաբար, արդյոք Արցախը կպարտվեր այս պատերազմում, իհարկե՝ ոչ…. Ոչ, քանի որ Արցախն անպարտ էր, Հայոց բանակի զինվորն անպարտ էր. համոզված եմ, որ կգա օրը արդար դատաստանի, մենք կվերադարձնենք մեր պատմական հայրենիքը… Եվ այժմ յուրաքանչյուրս մտածում ենք, թե ինչպիսի հայրենիք կունենանք վաղը, յուրաքանչյուրս մտովի կառուցում ենք մեր հայրենիքը, յուրաքանչյուրս շշնջում ենք ՝ իմ մտքի ու հոգու մեջ կառուցած հայրենիքն եմ ուզում… Մարտունակ սպան մեր զրույցի վերջում ասաց. «Պետք է շատ հզոր բանակ կառուցենք. շատ ուժեղանանք, ուժեղանանք, կրկին ուժեղանանք…»։ Այո, համաձայն եմ, ազգը պետք է բանակ դառնա, և այդ բանակը պետք է հզորանա ու դառնա ամենաանպարտելին, որպեսզի ունենանք մեր երազած հայրենիքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ ԱՄԵՆԱՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է «Հայրենիքը ձեռք է բերվում ամեն սերնդի և նրա առանձին...

Опубликовано Lusine Zaqaryan Вторник, 15 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր