211652_close_icon

Արցախի պողոտայում «դամբարան» հիշեցնող փոսը, որի միջով անցնող խմելու ջրի խողովակի վթարման պատճառով ջուրն անխնա կորում էր, «Վեոլիա ջուր»-ը 1 օրվա ընթացքում վերացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count1876 դիտում article-date 12:00 11-08-2025
SHAMSHYAN.com-ը օգոստոսի 4-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արցախի պողոտայում ստեղծված, «դամբարան» հիշեցնող հսկայական, վտանգավոր փոսի մասին, որի միջոց անցնող ջրախողովակից խմելու ջուրը անխնա հոսում էր, իսկ «Վեոլիա ջուրը» ոչինչ չէր ձեռնարկում՝ ջրի արտահոսքը դադարեցնելու և փոսը նախկին տեսքին բերելու ուղղությամբ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց «Վեոլիա ջուրը» օպերատիվորեն արձագանքեց և 1 օրվա ընթացքում ոչ միայն վերացրեց ջրի արտահոսքը, այլև ճանապարհը բերեց նախկին տեսքին, 1-2 օրվա ընթացքում կատարվելու են նաև ասֆալտապատման աշխատանքներ: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2 ամիս է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը Երևանի Արցախի պողոտա 3-րդ նրբանցքում ճանապարհի երթևեկելի գոտում ջրագիծ փոխելու նպատակով մի իսկական դամբարանափոս էր ստեղծել: 
 
«Վեոլիա ջուրը» ջրախողովակն անցկացնելուց հետո գործը թողել էր կիսատ, ավարտին չէր հասցրել, ինչի պատճառով էլ 2 ամիս ոչ միայն խմելու ջուրն էր անխնա հոսում, այլև այդ հսկայական փոսը վարորդների համար դարձել էր մի իսկական պատուհաս: 
 
Գետի կողմ գնացող և այնտեղով անցնող վարորդներն ամենաքաղցր խոսքերն էին ուղղում «Վեոլիա ջրին», Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու վարչական շրջանի ղեկավարին, որ վերջիններս անտերության էին մատնել այս հատվածը, ոչ մի աշխատանք չէին կատարում ու ամռան այս տապին 100 հազարավոր քաղաքացիներ օրերով խմելու ջուր չէին ստանում, իսկ այստեղ խմելու ջուրը կորում էր: 
 
Եղել էին նաև դեպքեր, որ ավտոմեքենաները գիշերվա մթին հայտնվել էին արդեն «Վեոլիա ջրի դամբարան» անունը ստացած փոսում: 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տարածքում անգամ չկար ոչ մի նախազգուշացնող ցուցանակ, մթության ժամանակ օգտագործվող լուսային փարոսիկներ, չկար նաև ազդարարող այն ցուցանակը, թե երբ է սկսվել և երբ է ավարտվելու ճանապարհի մեջտեղում վնասված ջրախողովակի վերակառուցումն ու երբ է արվելու ասֆալտապատումը: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր