211652_close_icon
views-count11790 դիտում article-date 16:55 04-12-2020

ԵՊՀ դեկանները պահանջում են հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից, բ) հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար: Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար: Ռուբեն Մելքոնյան – Արևելագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան – Պատմության ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյան – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Խաչիկ Ներկարարյան – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյան – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյան – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյան – Իրավագիտության ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյան – Քիմիայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյան – Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյան – Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյան – ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Պավել Բալայան – Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Արամ Սիմոնյան – Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյան – Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Շուքուրյան – ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Ավետիսյան – ԵՊՀ արհմիության նախագահ Դավիթ Ափոյան – ՈՒԽ նախագահ

Նմանատիպ նյութեր