211652_close_icon
views-count1462 դիտում article-date 16:29 02-12-2020

Պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել. Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ միասնական հայտարարություն են տարածել՝ դատապարտելով դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունը: Հայտարարություն մեջ մասնավորապես ասվում է հետևյալը. «Երեկ՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկաններն ուժ կիրառելով օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը և պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։ Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, և լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։ Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրադարձություններին և արձագանքելու ենք լրագրողների իրավունքների ցանկացած խախտման»։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Նմանատիպ նյութեր