211652_close_icon
views-count4079 դիտում article-date 22:48 21-11-2020

Կարպիս Փաշոյան. Ես այլ ելք չեմ տեսնում

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ օդ ու ջրի պես 21-րդ դարի բանակ է անհրաժեշտ՝ արդիական զենքերով սպառազինված։ Սա այլևս առաջվա գոնե խախուտ կայունությամբ աչքի ընկնող տարածաշրջանը չէ, ամեն պահ կարող է ինչ-որ սադրանք սանձազերծվել։ Հատկապես որ Սյունիքը, կարծես թե, երկու կողմից աքցանների մեջ է առնվել։ Իսկ ժամանակակից բանակ ստեղծելու համար անհրաժեշտ է հզոր տնտեսություն։ Փաստը մնում է փաստ, որ բարեգործությամբ, դրամահավաքներով հնարավոր չէր սպառազինության մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ, թո՛ղ ինձ ներեն բոլոր բարեգործները, բայց բանակաշինության լայնամաշտաբ գործընթացի տեսանկյունից, դրանք ընդամենը խղճուկ փորձեր էին։ Այդպես չի լինում։ Իմ համոզմամբ հզոր տնտեսության և 21-րդ դարի բանակի պահանջարկները կարող են կյանքի կոչվել բացառապես միայն խաղաղության կոնցեպտի համատեքստում։ Այսինքն՝ առևտուր անել թուրքերի հետ և նրանց փողերով սպառազինվել։ Մոտակա տասնամյակներին ես այսպես եմ պատկերացնում հայկական պետության արտաքին քաղաքականությունը։ Այսինքն երկսայր՝ մի կողմից դեպի խաղաղությանը հակված, իսկ մյուս կողմից խաղաղությունը խաթարողներին պատժելուն պատրաստակամ։ Ո՛չ, ես երրորդ պատերազմի պրոպագանդայով չեմ զբաղվում և ամբողջությամբ ջատագովն եմ բարիդրացիության։ Բայց սրանից ամենևին էլ պետք չի ենթադրել, թե մենք պետք է մեր ժողովրդին անզգայության մատնեք՝ դատապարտելով ոչնչացման։ Ես այլ ելք չեմ տեսնում, նույնիսկ եթե թալան չլինի և մենք նացիոնալ-բոլշևիզմի տրամաբանությամբ կուլակաթափ անենք բոլոր գործարարներին, եկեղեցի կառուցելու փոխարեն զենք գնենք, միևնույն է, չենք կարող սպառազինության մրցավազքի մեջ մտնել ռազմաարդյունաբերության համակարգ ունեցող հարևանների հետ։ Մենք այլևս 19-րդ դարում չենք ապրում, որ մեկուսացված ու շրջափակված պալիգոնը կարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ։ Եթե մոտ ապագայում բանակաշինությունը 21-րդ դարի ռելսերի վրա չդրվի, ապա վերստին կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առջև, այսինքն՝ վատ կրակող AK-74-ով սպառազինված զինվորներին նորից մեն-մենակ ենք թողնելու տեխնոլոգիաների դեմ դաժանագույն պատերազմում։ Մենք իրավունք չունենք մեր հիմար անկարողությամբ չխնայել զինվորների կյանքերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր