211652_close_icon
views-count1725 դիտում article-date 11:36 19-11-2020

Հասարակության պառակտման պատմությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, դա, իհարկե, լավ նշան չի: Բայց պարզ է, որ իշխանության անհեռատես քաղաքականության պատճառով մենք ունեցանք աղետալի պարտություն, և այդ պահին միակ փրկությունն էր ռուս խաղաղապահների մուտքը, որի հետևանքով մենք զիջեցինք մեր ինքնիշխանության զգալի մասը: Ահա թե ինչու Պուտինը «տեղ ունի» այդպես խոսելու: Չեմ ուզում անդրադառնալ ՌԴ նախագահի բոլոր ասածներին՝ որը ճիշտ է, որը՝ սխալ: Փորձառու քաղաքական գործիչ է, հսկայական երկրի ղեկավար, որը խոսում է իր երկրի շահերից ելնելով: Այնուամենայնիվ, կցանկանայի անդրադառնալ Պուտինի մի գնահատականի, որն, իմ կարծիքով, արդար է և որի մասին արժե մտորել: «Պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը`ինչպես միշտ եղել է նախորդ տարիներին, չի կարող իրեն թույլ տալ նման վարքագիծ դրսևորել, այդ թվում՝ իշխանության կազմակերպման ոլորտում, հասարակությունը ներսից պառակտելու համար: Սա, ինձ թվում է, բացարձակապես անընդունելի է, հակաարդյունավետ է և ծայրաստիճան վտանգավոր»: Նախ՝ եկեք ինքներս մեզ հարց տանք, կա՞ր արդյոք մեզանում այն գիտակցությունը, որ մենք պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի առաջ կանգնած երկիր ենք: Ես խիստ կասկածում եմ: 1994 թվականից հետո այդ զգոնությունը մեզանում բթացել էր, և մեզ թվում էր, որ համեմատաբար խաղաղ վիճակը տևելու է հավերժ: Այս ընթացքում, երբ հայտնվում էին մարդիկ, որոնք փորձում էին հիշեցնել, որ պատերազմը չի ավարտվել, նրանց ձայնը շատ հեշտ կտրում էին հետևյալ դեմագոգիայով՝ «ուրեմն դուք ուզում եք, որ Լևոնը (Ռոբերտը, Սերժը) հավերժ իշխեն»: Երկրորդ՝ Հայաստանի վերնախավի՝ հասարակության պառակտմանն ուղղված քայլերը սկսվեցին 2008 թվականից, երբ մի կողմից իշխանությունը հերթական անգամ կեղծեց ընտրությունները և արյուն թափելով վերարտադրվեց, իսկ ընդդիմությունը առաջ քաշեց՝ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է» կարգախոսը: Իհարկե, 2018 թվականը հասարակության պառակտման և ատելության քարոզի բարձրակետն էր: Գրագետ կազմակերպված տեխնոլոգիաներով անսահման ատելություն բորբոքելու միջոցով տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն», որն, ընդհանուր առմամբ, դրական երևույթ էր, որովհետև ազատեց մեր հասարակությունը փտած ու ոչ կենսունակ իշխանությունից: Բայց մի բան է լինել հեղափոխական ընդդիմություն, մեկ այլ բան՝ պատասխանատվություն ստանձնել պետության համար: Պետության կառավարման աշխատանքը ամենօրյա կազմակերպչական, կառուցողական աշխատանք է, ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքում նստելն է և ճարտար լեզվական հնարքներով սրան-նրան «ջախջախելն» ու «բարոյապես ոչնչացնելը»: Հասարակության պառակտումը, գործ անելու փոխարեն ագրեսիվ հռետորաբանությունը իշխող թիմի «ֆիշկան» է, կարելի է ասել՝ քարոզչական պրեսինգի ձևը, որը տվել է և տալիս իր դիվիդենտները՝ վարկանիշի տեսքով, իսկ մյուս կողմից բերում է աղետալի հետևանքների: Անգամ հիմա՝ պատմական այս ողբերգությունից հետո, հասարակության զգալի մասը գտնվում է այդ քարոզչական «նարկոզի» տակ: ․․․Հիշեցնեմ, որ պատերազմից ընդամենը կես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը պառակտող՝ իրենց հատուկ բառապաշարով «այո» քարոզարշավ էր սկսել՝ պետության համար չորրորդական նշանակություն ունեցող հարցով»: [b]Ամբողջութամբ՝ թերթի այսրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր