Ռուս ուղղափառ եկեղեցին հույս է հայտնել, որ Մոսկվայի պատրիարքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև կվերսկսվեն բանակցությունները
Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին հուսով է՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև կվերսկսվեն բանակցությունները, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/14/religious-leaders/3442844]Tert.am[/url]-ը:
«Գոյություն է ունեցել և գոյություն ունի եռակողմ բանակցությունների մեխանիզմ, որի շրջանակում հայոց պատրիարքը, Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավարը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը հանդիպում են, քննարկում են առկա խնդիրները և համապատասխան որոշումներ կայացնում»,- ասել է նա։
Վոլոկոլամսկի միտրոպոլիտի կարծիքով՝ ժամանակն է վերադառնալ այդ ձևաչափին։
«Ես հուսով եմ, որ մոտ ապագայում Մոսկվայի պատրիարքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև կվերսկսվեն բանակցությունները և այդ ժամանակ հնարավոր կլինի լուծել երկու երկրների տարածքում կրոնական կառույցների վերականգնման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը»,- նշել է նա։