211652_close_icon
views-count18866 դիտում article-date 18:34 12-11-2020

«Արծրո՞ւն, հիմա կարող ա՞ Բաքվում չայ ես խմում, ասա իմանանք՝ էս ո՞ւր ես». Նաիրա Զոհրաբյան

Մատենադարանում մեկնարկել է «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթը։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հստակ տեղեկություն ունեն, որ խորհրդարանում պատրաստվում են իրենց զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, որի պարագայում, վստահ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը շատ արագ հավաքվելու է։ Գրում է [url=https://168.am/2020/11/12/1405173.html?fbclid=IwAR3H2e-f9vYkHqy7717gor9MTpQtiDyZe9s6o6flP4xboEv_1QkP0wrrf20]168․am[/url]-ը։ «Հիմա հոդվածն են մտածում, որովհետև 225.1-ով (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը.- Զ.Խ.)կալանավորել մեզ այդքան էլ չի ստացվում, 307.1-ով (Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը.- Զ.Խ.) մտածում են՝ ինչ եմ ասել ես, որ կարող եմ այդ հոդվածով անցնել։ Ասեմ, որ միջազգային բոլոր կառույցներն իմ կողմից զգուշացված են, կլինեն հայտարարություններ եվրոպական կառույցների կողմից, նաև Ռուսաստանի մեր գործընկերների կողմից, ակնկալում եմ և հույս ունեմ, որ կլինեն։ Մեզանից որևէ մեկը չի ասել բան, որով իշխանությունը կփորձի հանկարծ գործեր հարուցել և որով հիմա կալանավորել են 10-ից ավելի մեր գործընկերներին։ Նրանք բոլորը քաղաքական բանտարկյալներ են։ Այսքան ժամանակ Հայաստանն իրեն ժողովրդավար հռչակած ղեկավարի կողմից դարձավ քաղաքական բանտարկյալների երկիր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նա նաև ընդգծեց, որ իշխանության կողմնակիցները, որոնք իրեն ահաբեկում են, նույնիսկ կյանքից զրկելու սպառնալիքներ, վիրավորում են, շատերի մասով արդեն դիմել է Դատախազության։ «Եթե ինձ հետ որևէ բան պատահեց, դրա ողջ և միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Դատախազին հանձնարարված է կյանքի գնով որևէ հիմնավորում գտնել ինձ, Գևորգ Պետրոսյանին անձեռնմխելիությունից զրկելու, իսկ մյուս գործընկերներին կալանավորելու համար։ Դատախազը դեռևս դժվարանում է գտնել։ Դիրքերում կանգնած տղաներին ասել ենք՝ զենքերը հանձնեք իջեք, իրենք ոչինչ չեն իմացել, քանի որ նրանք հավատացել են Արծրունին, որ՝ Իլյուշ, սպասի, հես ա գալու ենք Բաքու՝ չայ խմելու։ Արծրո՞ւն, հիմա կարող ա՞ Բաքվում չայ ես խմում, ասա իմանանք՝ էս ո՞ւր ես։ Դիրքում կանգնած տղաները չգիտեին նման արհավիրքի մասին, այդ տղաները գալու են և հարցեր են տալու»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Նմանատիպ նյութեր