211652_close_icon
views-count6585 դիտում article-date 00:20 10-11-2020

Անընդունելի է, այս ճակատագրական պահին արցախյան ճակատում արձանագրվող հաջողությունների կամ անհաջողությունների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը.Խաչատուր Քոքոբելյան

Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակն է սթափվելու և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 44 օր է մեր քաջարի բանակը պայքարում է ադրբեջանաթուրքական ահաբեկիչների դեմ՝ հանուն Արցախի և արցախցու սեփական հողում ապրելու և արարելու իրավունքի: Այս բարդ իրավիճակում բոլորիս միակամությունն ու համերաշխությունն առաջնային է և կարևոր, սակայն վերջին օրերին տարբեր պատասխանատու պաշտոնյաների կողմից հնչող իրարամերժ հայտարարությունները չափազանց վտանգավոր են, անթույլատրելի և հղի տագնապալի իրավիճակի ստեղծմամբ: Նման իրավիճակը կանխելու համար և վտանգավոր անորոշությունը վերացնելու համար անհրաժեշտ է՝ 1. ՀՀ վարչապետը ժամ առաջ հանդես գա ժողովրդին ուղղված հաշվետվությամբ և տա իրավիճակի հստակ և ճշգրիտ գնահատականը: Առանց ավելորդությունների և սառը դատողությամբ պետական մակարդակով պետք է ձևակերպել անելիքները՝ ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխան: Այսօր, առավել քան երբևէ հասարակությանը պետք է տրվի հստակ և ճշգրիտ տեղեկատվություն, հակառակը կարող է պատճառ դառնալ վտանգավոր խուճապի և անորոշության տարածման՝ իր բոլոր բացասական և վտանգավոր հետևանքներով: 2. Պետք է անհապաղ խոսել աշխարհաքաղաքական տերությունների, այդ թվում ԵՄ-ի հետ՝ առանց բացառությունների և առաջին դեմքերի մակարդակով, հստակություն մտցնել նրանցից սպասվող գործողությունների մեջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմաճակտում իրավիճակի փոփոխություններն ու զարգացումները տեղի են ունենում հաշված ժամերի ընթացքում: Այս գործընթացին ևս հասարակությանը պետք է հաղորդակից դարձնել՝ բացառելով նաև չհիմնավորված սպասումները աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնից: 3. Ռուսաստանի Դաշնությունից, որպես ռազմաքաղաքական դաշնակից, պետք է պահանջել իր պայմանագրային /1997թ.-ի Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, Համագործակցության և Փոխադարձ օգնության մասին Պայմանագիրը, ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման մասին պայմանագիրը՝ փոփոխություններով ու լրացումներով / պարտականությունների ողջ ծավալով կատարում: 4. ՀԱՊԿ-ից, որպես անվտանգության համակարգ, պետք է պահանջել հստակ դիրքորոշում և գործուն քայլեր իր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն ցցուն փաստը, որ այս ընթացքում բազմիցս խոցվել են ՀՀ բնակավայրերը և կան քաղաքացիական զոհեր: Պետք է նաև պահանջել, որպեսզի դադարեցվի ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին: 5. Քաղաքական տարբեր շրջանակներին կոչ ենք անում ՀՀ-ի և Արցախի համար այս ճակատագրական պահին դրսևորել զսպվածություն, լինել բացառապես բանակի կողքին, քանզի ռազմական դրության ընթացքում անթույլատրելի և անընդունելի է ցանկացած գործողություն, որը կարող է հասարակությանը տանել երկփեղկվածության: Անընդունելի է, այս ճակատագրական պահին արցախյան ճակատում արձանագրվող հաջողությունների կամ անհաջողությունների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը՝ երբևիցե և առավելևս այսօր անթույլատրելի և աններելի է արցախյան հիմնախնդիրը դարձնել խաղաթուղթ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռքում: Ժամանակն է սթափվելու, ռեալ գնահատելու ներկա մարտահրավերները և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից: Սա ցանկացած հայի պարտքն է այսօր՝ մենք հավատում ենք մեր բանակի ուժին և մեր ժողովրդի բռունցքված հավաքականությանը, վստահ ենք մեր ապագային՝ որը կերտվում է մեր հերոսների ջանքերով և պայքարով»:

Նմանատիպ նյութեր