211652_close_icon
views-count3564 դիտում article-date 10:59 27-10-2020

Եթե աշխարհը խելքը գլուխը չհավաքի․․․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս տարվա գարնանից մեր բնականոն կյանքը խախտվեց սկզբից կորոնավիրուսով, իսկ այնուհետև՝ պատերազմով: Առաջին արհավիրքը ակնհայտորեն վերաբերում է ողջ աշխարհին: Երկրորդը, կարծես թե, միայն մեզ է պատահել և աշխարհի տեսանկյունից կրում է «լոկալ» բնույթ: Բայց դա խաբկանք է, որովհետև այս պատերազմը կարևոր ցուցիչ է այն տագնապալի գործընթացների, որոնք տեղի են ունենում աշխարհում: Դա հասկանալու համար փորձենք պատասխանել մի պարզ հարցի՝ ինչո՞ւ չի հաջողվում կանգնեցնել այս պատերազմը: Պարզ է, որ այն մեզ բացարձակապես պետք չէ. Հայաստանի և Արցախի քաղաքացիները ընդամենն ուզում են խաղաղ ապրել: Ինձ ոչ ոք չի համոզի, որ շարքային ադրբեջանցիներն իրենց կյանքի իմաստը տեսնում են «տարածքային ամբողջականության» մեջ: Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն անկեղծորեն ցանկանում են վերջ տալ արյունահեղությանը, և իրենց պետական շահերի շրջանակներում քայլեր են ձեռնարկում՝ հրադադար հաստատելու համար: Իրանը նույնպես ոչ մի շահագրգռություն չունի, որ իր սահմաններին մարտեր ընթանան: Մնում է միայն Թուրքիան և դրա ղեկավար Էրդողանը (իր խամաճիկ Ալիևի հետ միասին)՝ իր ծրագրերով և ամբիցիաներով. սա է, կարծես թե, ամենաշահագրգիռ կողմը՝ պատերազմը շարունակելու առումով: Էրդողանը կարողանում է հեշտությամբ հակադրվել և երբեմն նաև կոպտել համաշխարհային լիդերներին՝ նաև օգտվելով նրանց հակասություններից: Գերտերություններն ի վիճակի չեն միջոցներ գտնել, որ պատերազմը դադարի: Ինչի՞ մասին է դա խոսում: Մեծ հաշվով, դա խոսում է համաշխարհային ճգնաժամի մասին՝ այն մասին, որ աշխարհում այլևս չի գործում անվտանգության համակարգը, որը կարող է զսպել պատերազմը: Համաշխարհային աշխարհակարգն, իհարկե, նոր չի փլուզվել՝ դրա նախանշանները երևում էին, մասնավորապես, այն ժամանակ, երբ «կազմաքանդվեցին» Իրաքը, Լիբիան, Սիրիան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս պատերազմը դրա շարունակությունն է, իսկ վաղը, եթե աշխարհը խելքը գլուխը չհավաքի, մոլորակի մեկ այլ անկյունում կբռնկվի ավելի սարսափելի պատերազմ: Անպայման կհայտնվի մեկ այլ «Էրդողան» և, շատ հնարավոր է, երկրագունդը կործանելու գերհզոր զենքով: Մենք՝ հայերս, մեզ կկարողանանք պաշտպանել, կշարունակենք ապրել մեր հողում, կունենանք մեր պետականությունը: Բայց ընդհանուր առմամբ աշխարհը դարձել է չափազանց փխրուն ու պայթյունավտանգ, և, վստահ եմ, որ անհրաժեշտություն է առաջացել մշակել խաղի նոր կանոններ, որոշակի «թարմացված» սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներում նավթի և գազի խողովակները, «ազդեցության գոտիների» համար մրցելը, ինչպես նաև թանկարժեք ու մահաբեր զենք իրար վրա վաճառելը չպիտի կենտրոնական դեր խաղա: Հիմա այդ բոլոր խաղերը «պրագմատիզմ» և «ռեալ-պոլիտիկ» են թվում: Բայց վաղը, երբ Էրդողանի նման մի մոլագար որոշի աշխարհը պայթեցնել, խողովակները և զենքերն այլևս ոչ մեկին պետք չեն գա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր