211652_close_icon
views-count33997 դիտում article-date 19:20 24-10-2020

Գեղարվեստի կոմբինատում են պատսպարվել ժամանակավորապես Հայաստան ժամանած մեծ թվով արցախցիներ. նրանց կեցության հարցը լուծում են մի խումբ երիտասարդներ, իսկ կառավարության ուշադրությունը բացակայում է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան 2 հասցեում՝ ԽՍՀՄ տարիներից հայտնի Գեղարվեստի կոմբինատի մասնաշենքերից մեկում նշեցին օրեր առաջ ժամանակավորապես Հայաստան ժամանած, Արցախում բնակվող 16-ամյա աղջկա ծննդյան օրը: Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տականքը, այնուհետև նրանց միացած վարձկան-ահաբեկիչները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, մեծ թվով քաղաքացիների անվտանգությունից ելնելով, շատերը ժամանակավորապես պատսպարվեցին Հայաստանում, այդ թվում՝ Երևանում: Ավելի քան 50 արցախցիներ ժամանակավորապես, որպես կացարան բնակվում են այստեղ: Նրանց օրը երեք անգամ սննդի հարցը լուծում են մի խումբ երիտասարդ տղաներ, ովքեր իրենց միջոցներով են սնունդը գնում, փոխանցում են բնակիչներին, և նրանք պատրաստում են իրենց սնունդը: Քանի որ կան նաև մանկահասակներ ու ավագ սերնդի ներկայացուցիչներ, հիմնականում՝ կանայք, երիտասարդները հոգացել են նրանց առաջին անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում կացարանում բնակվողներն ասում էին. «Ամսի 27-28-ից այստեղ ենք: Ճիշտ է, լավ կլիներ, կռիվ չլիներ, խաղաղությունը մնար, մենք էլ հիմա մեր օջախներում լինեինք: Բայց դե, ադրբեջանցին ու թուրքը նույն սանրի կտավն են: Նրանք անհայրենիք մարդիկ են: Նրանք ի՞նչ գիտեն, ինչ բան է ընտանիքը: Ճիշտ է, մենք հիմա ժամանակավորապես բնակվում ենք այստեղ, բայց միայն առաջին օրվանից զգացել ենք հոգատար վերաբերմունք մի խումբ երիտասարդ տղաների կողմից: Նրանք ամեն ինչ անում են, ու մենք այդքան միամիտ չենք, զգում ենք, որ իրենց կաշվից դուրս գալով, մեր ցավին ու վշտին դարման են լինում: Բայց դե լավ կլիներ, որ կառավարությունը իմանար, որ էստեղ էլ են Արցախից եկած մարդիկ մնում: Տարածքային սոցապից մի անգամ եկել, հաշվառել ու թողել, գնացել են: Իսկ որ հարցնես, կասեն, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր բեռը թեթևացնեն: Իսկ էդ բեռը միայն Գեղարվեստի կոմբինատի տնօրինությունն ու մի խումբ երիտասարդ տղաներ, ու նրանց անհատ բարերարներն են օգնում: Փառք աստծո, գոնե գիտենք, որ գլխներիս վրա ծածկ կա: Մատղաշ երեխեքը կուշտ փորով քնում են: Բայց կառավարությունը լավ կանի, մի անգամ էլ էստեղ գա ու հետաքրքրվի մեր վիճակով: Ու երևի խրախուսանքի խոսքեր կուղղեր կոմբինատին ու այս ջահելներին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե կառավարությունը բարի կամք դրսևորի, մի քիչ օժանդակություն ցուցաբերի կոմբինատին, ապա հնարավոր կլինի ժամանակավորապես նշված այստեղ ընդունել ևս մի 30 հոգու: Ի դեպ, կարևոր խնդիր է դարձել նաև կոմունալ ծառայությունների հարցը: Ներկայումս կոմբիատի շենքում բնակվող արցախցիների էլեկտրաէներգիայի և ջրի ծախսերը հոգում է կոմբինատի տնօրինությունը, սակայն դրանք բավական մեծ գումար են կազմում և այստեղ կառավարությունը նույնպես պետք է ֆինանսապես աջակցություն ցուցաբերի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր