211652_close_icon
views-count13180 դիտում article-date 22:30 14-10-2020

Շփման գծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծ թվով կենդանի ուժի կորուստներ է կրել. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի և Ադրբեջանի շփման գծում վաղ առավոտից վերսկսվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողությունները, որոնք շարունակվում են մինչ այս պահը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառվել է նաև օդուժ: «Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները, հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ: Երկու ուղղություններով համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում՝ փորձել են զարգացնել հիմնականում հրետանու հուժկու, ինտենսիվ կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազամերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել՝ աներեր կանգնելով: Բավական մեծ են Ադրբեջանի ԶՈւ կորուստները կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա ու երեկվա ընթացքում: Օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններով»,- ասաց Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին ևս մարտերը շարունակվում են, սակայն երեկոյան ժամերին մի փոքր հարձակումների ինտենսիվությունը նվազում է:

Նմանատիպ նյութեր