211652_close_icon
views-count22895 դիտում article-date 22:47 04-10-2020

Վահրամ Պողոսյան. Առաջիկա զարգացումները, վստահաբար, կլինեն մեր օգտին

Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենևին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով: Նախ՝ պատերազմ հայտարարելով Արցախին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների (որոնք աշխարհի տարբեր ուժային բևեռներն են ներկայացնում) հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրը կարգավորելու ճանապարհից և ընտրեց հարցը ուժային կամ ռազմական տարբերակով լուծելու ծայրահեղ մոտեցումը: Երկրորդ՝ Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով: Վերջապես՝ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունները ներգրավել են վարձկան-ահաբեկիչների, որոնց գոյության փաստը հիմնավորվել է միջազգային տարբեր կենտրոնների կողմից: Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար: Մեր պայքարն արդար է, առաջիկա զարգացումները, վստահաբար, կլինեն մեր օգտին: Իսկ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական պարտված ղեկավարությունը՝ Ալիև ընտանիքի գլխավորությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր