211652_close_icon
views-count71754 դիտում article-date 10:45 29-09-2020

Ռուսաստանն ու Ադրբեջանը կհասկանան, որ մեր վզին հնարավոր չէ փաթաթել իրենց համար ցանկալի լուծումը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կիրակի օրը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն ասաց, որ պատերազմից խուսափելու միակ տարբերակն է՝ համաձայնել, որ հայկական զորքերը դուրս գան նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքներից և համաձայնել, որ Արցախին տրվի ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նա չմանրամասնեց սակայն՝ արդյոք դա միայն Ադրբեջանի՞ պահանջն է, թե՞ նաև Ռուսաստանի: Ես հակված եմ ենթադրելու երկրորդը, քանի որ, երբ բանակցում են երկու կողմեր, ապա տրամաբանական է, որ դրանց մեջ փնտրվելու է որոշակի փոխզիջում, իսկ երբ հարցը դրված է կողմերից մեկի համար կատարելապես անընդունելի ձևով, դա խոսում է ոչ թե մյուս կողմի, այլ միջնորդի դիրքորոշման մասին, որը ոչ այլ ինչ է, քան «Լավրովի պլան»: Թե՛ 2016 թվականի և թե՛ այսօրվա մարտական գործողություններն, իմ կարծիքով, Ռուսաստանի ծրագրերին մեր վերաբերմունքի արտապատկերն են: Ռուսաստանը փորձում է անցկացնել կարգավորման իր ծրագիրը, որը, բացի վերը նշված երկու տարրերից, ենթադրում է նաև իր «խաղաղապահ» զորքերի տեղակայում, որն է՛լ ավելի է ուժեղացնելու իր դիրքերը տարածաշրջանում և, մասնավորապես, անուղղակիորեն հնարավորություն է տալու վերահսկելու տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունները: Հայաստանը շարունակում է մերժել այդ առաջարկները, ինչի մասին մի անգամ խոսել է «չափից դուրս անկեղծ» Լուկաշենկոն: Ի պատասխան՝ Ադրբեջանը ստանում է «քարթ-բլանշ»՝ պատերազմական գործողություններ ծավալելու: Մենք երկու անգամ ապացուցել ենք, որ կարողանում ենք դիմադրել այդ դավադրությանը, և, կարծում եմ, դեռ բազմիցս ստիպված կլինենք դա անել: Հավանաբար, դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հասկանան, որ մեր վզին հնարավոր չէ փաթաթել իրենց համար ցանկալի լուծումը: Այստեղ, ինչպես ասում են, պարզ սիլոգիզմն է՝ եթե պատերազմից խուսափելու միակ միջոցը հանձնվելն է, ուրեմն պետք է պատերազմել: Իրականում, հանձնվելը ոչ միայն չի կանգնեցնի պատերազմը, այլև կբորբոքի այն, որովհետև եթե մենք «դուրս գանք» Արցախից, ապա վաղը մեզնից կպահանջեն «դուրս գալ» նաև Հայաստանից, ինչի մասին Իլհամ Ալիևը նույնպես հաճախ խոսում է ամենայն անկեղծությամբ: Ինչպես և նախորդ անգամ, Ռուսաստանը կփորձի կանգնեցնել պատերազմն այն ժամանակ, երբ կտեսնի, որ Ադրբեջանը ոչ միայն չի հասել շոշափելի արդյունքների, այլև մարտական գործողությունները շարունակելու դեպքում կունենա մեծ կորուստներ: Իսկ առայժմ կարելի է միայն կրկնել Արցախի նախագահի խոսքերը. «Պատերազմ են ուզում, պատերազմ էլ ստըննական են»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր