211652_close_icon
views-count3790 դիտում article-date 23:40 15-09-2020

Հայաստանում կիբեռանվտանգության առաջին աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

CyHub Armenia նախաձեռնությունն ընդունում է հայտեր՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող կիբեռանվտանգության աքսելերացիոն ծրագրին մասնակցության համար: Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի և IBM-ի աջակցությամբ: Ծրագրին կարող են դիմել ինչպես տեղական, այնպես էլ վաղ շրջանի միջազգային ստարտափները, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ կիբեռանվտանգության ոլորտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է: Հայտաձևը հասանելի է [url=https://gust.com/programs/cyhub-armenia-batch-1/]այստեղ[/url]: Առցանց ծրագիրը կտևի 3-4 ամիս: Ընտրված ստարտափների հետ կտարվի անհատական աշխատանք, ինչպես նաև կտրամադրվի աջակցություն՝ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար: Թիմերի հետ աշխատելու են փորձառու մենթորներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ Facebook-ի անվտանգության ինժեներ Ռայան Կազանչյանը, SparkLabs Cyber+Blockchain-ի կառավարող գործընկեր Բրայան Փարկը և Xage Security ընկերության համահիմնադիր և պրոդուկտների գծով փոխտնօրեն Ռոման Արուտյունովը։ Աքսելերացիոն ծրագրի շրջանակում CyHub Armenia-ն կհամագործակցի հանրահայտ SparkLabs աքսելերատորի հետ, որի հետ օրեր առաջ ստորագրել է համագործակցության հուշագիր: Վերջինս ծրագրի մասնակիցներին կտրամադրի հասանելիություն իր ռեսուրսներին, դասընթացների և կրթական այլ նախաձեռնությունների միջոցով կօգնի ուսումնասիրել ոլորտի լավագույն միջազգային փորձը: Աքսելերացիոն ծրագրի ավարտին կկազմակերպվի Դեմո օր: «CyHub Armenia-ն ուրախ է իր գործընկերների հետ կազմակերպել այս ծրագիրը, որի նպատակն է հիմնադրման վաղ փուլում աջակցել կիբեռանվտանգության ոլորտի ստարտափներին: Ընդունվում են հայտեր կիբեռանվտանգության բոլոր ուղղություններով: Ուրախ կլինենք տեսնել ինժեներական ուղղվածության կիբեռանվտանգության լուծումներ, այդ թվում՝ արդյունաբերական իրերի ինտերնետ, 5G և այլն»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար, CyHub Armenia նախաձեռնության համակարգող Մարի Բարսեղյանը: Այս մասին տեղեկացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր