211652_close_icon
views-count1308 դիտում article-date 16:51 15-09-2020

Ծովագյուղ համայնքում իրականացվող ապօրինի շինարարության գործով ՔՏՀԱՏՄ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող Մ-14 ավտոմայրուղու Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս 11.5 կմ հատվածում՝ մայրուղուց լիճ ընկած տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն և տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների խախտում է և նշված շինարարական աշխատանքները դիտարկվում են որպես ինքնակամ: Տեսչական մարմինը 2020 թ․ հունիսի 23-ին գրություն է ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանին` տեղեկացնելով համայնքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին։ Ծովագյուղ համայնքի ղեկավարին՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջների, առաջարկվել է կասեցնել վերոհիշյալ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դրա հետևանքների վերացումը, որից հետո ձեռնարկված միջոցառումների մասին տեղյակ պահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ Ծովագյուղ համայնքի ղեկավարից պատասխան գրություն չստանալու արդյունքում Տեսչական մարմինը օգոստոսի 14-ին երկրորդ գրությամբ է դիմել համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Նմանատիպ նյութեր