211652_close_icon
views-count2266 դիտում article-date 17:24 10-09-2020

Բանակում կշարունակվեն սահմանափակումները․ արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդները, ազատ արձակումները, տեսակցությունները․ ՊՆ հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը [url=https://mil.am/hy/news/8357]հայտարարում է[/url], որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ: Զինված ուժերում կիրառվող սահմանափակումները միտված են անձնակազմի մարտունակության պահպանմանը: Կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է: Կշարունակվեն կիրառվել հետևյալ սահմանափակումները. - արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները, - խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին, - պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն): ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում զինծառայողների ծնողներին և հարազատներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ, հնարավորինս բացառել շփումները զինծառայողների հետ: Հիվանդության գաղտնի շրջանում գտնվող անձը տեսակցությունների և շփումների հետևանքով վարակն անգիտակցաբար կարող է փոխանցել զինծառայողներին, ինչը պատճառ կհանդիսանա զինված ուժերում վարակի տարածմանը, հետևաբար՝ ստորաբաժանման մարտունակության անկմանը: Պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում զինծառայողների ծնողներին և հարազատներին ստեղծված իրավիճակում սահմանափակումների անհրաժեշտությանը ըմբռնումով մոտենալու համար: Զինված ուժերի մարտունակության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:

Նմանատիպ նյութեր