Օրենսդիրներն առաջարկում են պատասխանատվություն սահմանել կեղծ սննդամթերք արտադրելու և իրացնելու համար
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Սերգեյ Ատոմյանն ու Կորյուն Մկրտչյանը հեղինակել են օրինագիծ, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել կեղծ սննդամթերք արտադրելու և իրացնելու համար:
[url=https://armenpress.am/arm/news/1026901.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը:
«Մի քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին: Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրելու, իրացնելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում: Սակայն սննդամթերքի վերաբերյալ քրեական օրենսգիրքը նման դրույթ չի պարունակում, ինչը, մեր կարծիքով, բացթողում է, և մենք ձեռնամուխ եղանք այս փոփոխությունն առաջարկելու, կարծում ենք, որ այս փոփոխությունները հիմք կհանդիսանան, որ կեղծ սննդամթերք չի արտադրվի և ՀՀ-ում արտադրվող սննդամթերքի որակը կբարձրանա»,- ասաց Արթուր Դավթյանը:
Առաջարկվող փոփոխություններով` սննդամթերք արտադրող կամ իրացնող, կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առեւտրի (ծառայությունների) ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով: