Սաակաշվիլին խոստացել է սեպտեմբերի 7-ին կարևոր հայտարարություն անել՝ Վրաստան իր վերադարձի մասին
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում բարեփոխումների խորհրդի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սեպտեմբերի 7-ին կարևոր հայտարարություն է անելու իր՝ Վրաստան վերադառնալու մասին, թեպետ նա վրացական քաղաքացիություն չունի, իսկ Վրաստանում նրան հեռակա դատապարտել են ազատազրկման:
Նշենք, որ Սաակաշվիլին բազմիցս է հայտարարել, որ շուտով վերադառնալու է հայրենիք: Այդ հայտարարությունները հաճախակիացել են խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք Վրաստանում կայանալու են հոկտեմբերի 31-ին:
Վրաստանում գործում է նրա կուսակցությունը՝ «Ազգային միասնական շարժումը», որը՝ համաձայն սոցհարցումների, ընդդիմադիր ամենամեծ վարկանիշ ունեցող քաղաքական ուժն է, թեպետ զգալիորեն զիջում է իշխող «Վրացական երազանք» կուսացությանը: