211652_close_icon
views-count2184 դիտում article-date 14:44 27-08-2020

Արցախի ՊՆ-ն Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդագիր է ներկայացրել

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի: Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»: Ապրիլյան պատերազմի ժամանակ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: Ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը, որտեղ հերթապահություն էր իրականացնում 4-րդ վաշտի հրամանատար կապիտան Ուրֆանյանն իր զինվորների հետ, ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, իսկ հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Արմենակն իր 6 մարտիկներին հրամայում է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունում է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցում էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն հակառակորդի կողմից: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղում թշնամու առաջին փորձը եւ խփում մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվում, թշնամին դեպի դիրքեր փորձում է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացնում է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջում է: Հակառակորդի ինժեներական տեխնիկան նույնպես ոչնչացվում է վաշտի հրամանատարի կողմից նռնականետով: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհում է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակում հրետակոծությունը: Արմենակը սպանվում է արկի պայթյունից: Նրա հետ զոհվում է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարում է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գումարտակի հրամանատարության հետ, նրա վերջին նախադասությունը հետեւյալն է եղել. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»: Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով, սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: 2016թ. հունվարին երիտասարդը նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու, ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր