211652_close_icon
views-count2767 դիտում article-date 11:20 21-08-2020

Կարող եք ներել կամ չներել ձեզ դանակահարած մարդուն, բայց անկախ ձեր զգացմունքներից, նա պետք է պատժվի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հասարակական քննարկումների շրջանակներում ժամանակ առ ժամանակ շոշափվում է «թուրքին ներող ապազգային տարրերի» հարցը: Քաղաքական դիսկուրսի այսօրվա ուղղությունը հետևյալն է. կան «վատ սորոսականներ», որոնք պատրաստ են ամեն ինչ մոռանալ ու թուրքերի հետ ջերմ հարաբերություններ հաստատել, և կան «առողջ ազգային ուժեր», որոնք մերկացնում են, դիմակ են պատռում և այլն: Նախ ասեմ, որ այս պարագայում ազգը չի կարող որևէ մեկին՝ թեկուզ պետության ղեկավարին, կամ որևէ խմբին՝ անգամ շատ ազդեցիկ, պատվիրակել «ներելու» լիազորությունը, և այս առումով քննարկումն, ինչպես ասում են, «առ ոչինչ է»: Բայց կա ավելի սկզբունքային հարց. ինձ թվում է, որ ինչպես «վրեժ լուծելու», այնպես էլ «ներելու» հարց դնելը, և այդ հարթության մեջ հարցի քննարկումը պետք էր փակված համարել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից սկսած: Ճիշտ նույն ձևով, ի դեպ, ժամանակավրեպ է «հակառակ կողմի»՝ այսինքն` թուրքական որոշ շրջանակների «հայերից ներողություն խնդրելու» հարցը, որը երբեմն բարձրացվում է թուրք մտավորականների կողմից: Պատմաբաններին և քաղաքագետներին թերևս շարունակի հետաքրքրել, թե ինչ է հայերի կողմից այս առումով ասվել և ինչ է արվել պետականության բացակայության պայմաններում, ինչպես են «վրեժի ծարավով» դաստիարակվել սերունդները, «վրիժառության» որ ակցիաներն էին ճիշտ, իսկ որոնք՝ սխալ և այլն: Գործնական առումով այդ ամենը, երբ կա հայկական պետություն և հայկական բանակ, այլևս նշանակություն չունի: Թուրքական պետությունը կատարել է հանցագործություններ, և որևէ հայի կամ թեկուզ 10 միլիոն հայերի «ներել-չներելը» չի կարող ազդել իրավիճակի վրա: Հայկական պետությունը պետք է հետամուտ լինի հիշյալ հանցագործությունները վկայակոչելու, պատժելու և հետևանքները վերացնելու գործին, քանի դա անմիջականորեն առնչվում է մեր երկրի անվտանգության հետ: Ճիշտ նույն ձևով Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողը (անկախ ազգությունից) պետք է ոչնչացնի Ադրբեջանի Հանրապետության կամ որևէ այլ երկրի զինծառայողներին (դարձյալ անկախ նրանց ազգությունից), եթե վերջիններս ոտնձգություն են կատարում մեր երկրի սահմանների նկատմամբ: Նույնը, բնականաբար, վերաբերվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողներին. ոչ մի նշանակություն չունի թե՛ այս զինծառայողների և թե՛ սահմանախախտների ազգությունը: Այստեղ հարկավոր է դուրս գալ հուզական դաշտից և չխրախուսել որևէ ազգի նկատմամբ ատելությունը: Երբ կա անկախ պետականություն, հարցը էթնիկ մակարդակի վրա իջեցնելը պարզապես անիմաստ է: Դուք կարող եք ներել կամ չներել ձեզ դանակահարած մարդուն, բայց անկախ ձեր զգացմունքներից, նա պետք է պատժվի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր