211652_close_icon
views-count3086 դիտում article-date 17:35 11-08-2020

Մոսկվա-1980. Դավիթ Համբարձումյանի «Սպորտ գումարած արվեստ» բեմադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1992թ. հունվարի 11-ն էր: Ընդհանուր խավարի ու ցրտի մեջ ընկղմված Հայաստանի բնակիչներն այդ օրը մեծ վիշտ էին ապրում: Տ.Պետրոսյանի անվան շախմատիստի տան սրահի լույսն էլ էր խավար: Շենքի հարակից տարածքները լեփլեցուն էին մարզասերներով: Չնայած ցրտին, սովին, արցախյան ազատամարտից եկող տխուր լուրերին, երկրաշարժի պատճառած վերքերին, կարծես ամբողջ Հայաստանի բնակչությունն էր եկել վերջին հրաժեշտը տալու մեծագույն մարզիկ Դավիթ Գրիգորի Համբարձումյանին: Անակնկալ կաթվածահար եղավ, երբ մեծ սպորտի մեծ վարպետը քնած էր: Ջրացատկորդ էր, ճախրում էր ամենաբարձր` 10 մետրանոց աշտարակից: 11 անգամ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ առաջինը ճանաչվեց Եվրոպայում ,մոսկովյան օլիմպիական խաղերում կանգնեց պատվանդանի << բրոնզե >> աստիճանին: 1984-ին ԽՍՀՄ –ը հրաժարվեց հանդես գալ Լոս Անջելեսի խաղերին, և Դավիթը փայլատակեց << Դրուժբա >> անվանումով այսպես կոչված << Կարմիր օլիմպիադայում >> և արժանացավ ոսկե մեդալի: Նրան շնորհվեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո աշխատեց մարզիչ, տնօրեն, ապա նշանակվեց ՀՀ սպորտի պետական կոմիտեի փոխնախագահ / 1987- 1992թթ./: Ծրագրեր շատ ուներ, բայց քիչ մասն իրագործեց, քանզի հունվարի 9-ի գիշերը անակնկալ դադարեց բաբախել 35-ը նոր շեմքած մեծ մարզիկի և մարդու սիրտը: Նա շատ բարձր էր և բարձրից էր ցատկում, բայց երբեք ոչ մեկին վերևից չնայեց իր օրինակելի կյանքում: Նաև այս հանգամանքը գնահատելով` նրա աճյունն իրենց ուսերին եղբայրաբար առան հայոց մարզաշխարհի մեծություններ Հրանտ Շահինյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Ալբերտ Ազարյանը, Նորայր Մուշեղյանը . . . Նրանք հարազատ զավակի չափ էին սիրում հանրության սիրելի Դավթին: Նրա հիշատակը հավերժացնում են մարզական մեծագույն նվաճումները, անունը կրող մարզադպրոցը և միջազգային ամենամյա մրցաշարը: Անգնահատելի են նրա մարդկային որակները: 1987 թվականին սպորտպետկոմի նորանշանակ փոխնախագահին ներկայացրին << Հայաստանի ֆիզկուլտուրնիկ >> թերթի աշխատակազմին: Հյուրին դիմել են ազգանունով` ընկեր Համաբարձումյան: Դրանից շառագունել է Դավիթը: Չի իմացել, թե ուր փախցներ հայացքը, ապա կարծես իրեն մեղավոր զգալով խնդրանքով դիմել է լրագրողներին. << Ես ձեր համար նույն Դավիթն եմ: Այդ դուք եք ինձ մեծարել, որից պարտավորված ձգտել եմ հաղթանակների: Խնդրում եմ ինձ մի օտարացրեք, ուզում եմ մնալ , լինել ձեր հարազատը . . . >>: Ապա Դավթին հարցրել են, թե մարզիկ եղած տարիներին ի՞ նչն է ամենաբարձրը գնահատել: - Ինձ համար գերագույն գնահատականը եղել են ոչ թե գումարը կամ արժեքավոր նվերը, այլ ինձ նայող այն աչքերը, որոնք հպարտացել են իմ նվաճումներով: Նկատի ունեմ հայրենակիցներիս հայացքները: Դրանից հետո լրագրողներն ասել են թե՝ մեծ մարզիկը նաև մարզական լավ ղեկավար կդառնա և հայրենական սպորտի առաջընթացը կշարունակվի: Մեծն Հրանտ Շահինյանն ասել է, թե հատուկ դիտել է Դավթի համամիութենական չեմպիոնության տարիներին անցկացված օլիմպիական խաղերի ջրացատկի մրցաշարերը: Մասնագետների մեկնաբանությամբ ոսկե մեդալակիրներից ոչ մեկը վարպետությամբ չի գերազանցել երևանցուն: Դավիթը կատարելության է հասել բոլոր առումներով: ԽՍՀՄ հայաստանցի առաջին ջրացատկորդ չեմպիոն Սերժ Քոչարյանը պատմում է, որ Դավթին առաջին անգամ տեսել է Ղափանում ՝ տեղի լողավազանի բացման օրը: Պատանին ակնածանքով է լսել չեմպիոն Սերժին, որը նրան հորդորել էր Երևան գալուն պես հանդիպել լողավազանում, որն այժմ կրում է Դավթի անունը: Վարպետության մասին խոսելիս Սերժը շեշտում է Դավթի ակրոբատիկական գերազանց պատրաստականությունը: Սա նշանակում է , որ նա անկրկնելի պտույտներ էր կատարում բոլոր կողմերով: Փակագծերն ավելի բացելով ասում է, որ Դավիթն ուներ անզուգական կոորդինացիա: Այնքան հստակ ու անթերի են եղել նրա կատարումները, որ նույնիսկ մասնագետները չեն կարողացել առանձնացնել ցատկերից որևէ մեկը: Զարմացնում էր նրա անձայն ջրամուտը: Հապա արտաքին տեսքը: Իսկապես Դավթի կերտվածք ուներ. մարմինը, մկանախմբերը, դիմագծերը, գանգուրները . . . Այս յուրովի առնականությունը տեսնում, գնահատում , համակրում էին նաև մրցավարները: Դավիթ Համբարձումյանը իր վարպետության շնորհիվ Հայաստանի ջրացատկորդներին մտերմացրեց համաշխարհային մարզասերի հետ, քանզի նա մրցումներին ներկա էր լինում արվեստի ու սպորտի յուրատեսակ բեմադրության ականատեսը դառնալու համար: Համբարձումյանների գերդաստանն էր մարզական։ Հայրը ՝ Գրիգորը, որին մեծ վարպետության և համարձակության համար մարզասերը կնքել է ԳԵԼՈ անունով, հայաստանցի առաջին ֆուտբոլիստն է եղել, որն ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականում։ Մայրը ՝ Ալիսան, մարմնամարզուհի էր, սպորտի վարպետ։ Մարզիկ ծնողների երկրորդ որդին ՝ Ալբերտը նույնպես ջրացատակորդ է, ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Մարզուհի է եղել նաև Դավթի դուստրը՝ Էլենը։ Նա զբաղվել է մարմնամարզությամբ, ապա անդամագրվել է ջրացատկին։ Հայաստանի սպորտում մեծ հեղինակություն և հարգանք է վայելել Դավթի ավագ հորեղբայրը՝ ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակաշատ մարզիչ – մանկավարժ Մամիկոն Համաբարձումյանը։ Նա երկար տարիներ ղեկավարել է << Աշխատանքային հերթափոխ >> կամավոր մարզական ընկերության հանրապետական խորհուրդը։ Բարձր մակադակով է մրցավարել ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության պատասխանատու հանդիպումները և բազմիցս արժանացել է տարվա լավագույն մրցավարի պատվին։ Զարմանալի զուգադիպությամբ Դավիթ Համաբարձումյանը և Յուրի Վարդանյանը ծնվել են նույն ՝ 1956թ․ հունիսին։ Երկուսն էլ եղել են անզուգական վարպետներ մոսկովյան ստուգատեսի հերոսներ, անբաժան, անդավաճան ընկերներ ու ․ ․ ․ հրաժեշտ են տվել կյանքին։ ։ << Մոսկվա – 80 >> օլիմպիական խաղերի մասնակից հայաստանցի ութ մեդալակիրներից մյուս հինգը գտնվում է արտերկրում և միայն Խորեն Հովհաննիսյան է ապրում Երևանում։ ՀԳ․ - Հիշեցնենք , որ այս տարի լրացավ մոսկովյան ամառային օլիմպիական խաղերի 40 տարին և հավատարիմ մնալով խոստմանը, ՀԱՕԿ – ը ներկայացրեց համաշխարհային այդ մարզահանդեսի հայաստանցի բոլոր ութ մեդալակիրներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր