211652_close_icon
views-count2548 դիտում article-date 13:56 06-08-2020

Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը պետք է դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը.Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ադրբեջանական հրետակոծությունից տուժած Տավուշի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարության մեջ ներդնել նոր Հայաստանի փիլիսոփայությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1024227.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 6-ի գործադիրի նիստում՝ Տավուշի մարզպետարանին նշված շինարարական աշխատանքների համար լրացուցիչ գումար հատկացնելու հարցի քննարկման ընթացքում: «Պետական շինարարության և ոչ պետական շինարարության ընկալման տարբերությունը պետք է վերանա: Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք միայն չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ, չպետք է հասկանանք միայն չորս նստարան և մեկ ցայտաղբյուր: Պետք է այս պետական շինարարության հետ շինարարական նոր գույն, փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում: Մեր արած գործի մեջ պետք է արտահայտվի այն, ինչ մենք խոսում ենք: Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին: Անթույլատերի է, որ այդ խոսելուց հետո մեր կառուցածի վրա այն չարտահայտվի: Այս առաքելությունը շատ պատասխանատու է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ պետք է այնպես անել, որ Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը: «Աշխատանքների արդյունքում պետք է գամ և ցույց տամ ու ասեմ, որ սա է նոր Հայաստանը: Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ մենք զրոյից նոր պուրակ ու տուն ենք կառուցում»,- նշեց վարչապետը: ՀՀ կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Փոխանցվող գումարից 110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, 82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը: Ավելի վաղ Կառավարությունը Տավուշի մարզպետարանին ևս 25 մլն դրամ էր փոխանցել: Հուլիսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ:

Նմանատիպ նյութեր