Տիգրան Գեղամյանը նշանակվել է Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին ներկայացրեցի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել ինձ։
Ողջունելով և շնորհավորելով Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին՝ իմ գործուն աջակցությունը հայտնեցի նրան»: