Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի համապատասխան որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Եսայանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը պայմանավորված է համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի վաղաժամ մահվամբ։
«Խաչիկ Բաղդասարյանը Զովաբեր համայնքի ղեկավար էր ընտրվել 2019 թվականի դեկտեմբերին։ Նա Զովաբերը ղեկավարեց մինչեւ 2021 թվականի օգոստոսի 20-ը, մինչեւ իր վաղաժամ ու ցավալի մահը։ Սամվել Եսայանը, ով արդեն նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Զովաբեր համայնքը ղեկավարել է 2012-2019 թվականներին։ Զովաբերում համայնքի ղեկավարի ընտրությունը կնշանակվի օրենքով սահմանված կարգով»,- իրավիճակը ներկայացրեց Վանիկ Հարությունյանը։