211652_close_icon
views-count2924 դիտում article-date 18:36 24-07-2020

Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրված է մեկնաբանում բանակցային գործընթացի էությունը․ Աննա Նաղդալյան

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է հակամարտության վերջին սրացման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը․ «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ: Պարզապես ներկայացնեմ փաստեր: Այսպես, հուլիսի 12-ին Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական զորքերը սադրանք էին հրահրել հայ-ադրբեջանական սահմանին: Դրան հաջորդել է բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ինտենսիվ հրետակոծումը: Եվ փաստարկներն առ այն, թե արդյոք ժամանակակից բանակը հարձակում կգործեր «ՈՒԱԶ»-ով, թե ոչ, տեղին չեն, քանի որ ադրբեջանական բանակը դժվար է համարել ժամանակակից: Նույնքան անընդունելի են հայկական կողմի գործողությունների ապօրինության մասին հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնական շրջանակներում: Հայաստանը ամենավճռական կերպով պաշտպանել և պաշտպանելու է իր պաշտպանական գծերը ու իր քաղաքացիների անվտանգությունը: Այն, ինչի մասին իսկապես արժե մտածել ապօրինության համատեքստում, Մեծամորի հայկական ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքներն են: Նման հայտարարությունները մեզ համար համազոր են զանգվածային ոչնչացման զենքի կիրառման և միջուկային ահաբեկչության սպառնալիքին, ինչը սպառնում է ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին և առաջին հերթին՝ հենց ադրբեջանցիներին: Գիտակցելով իրավիճակի պայթյունավտանգությունը՝ Ադրբեջանի պաշտոնատար անձիք սկսեցին իրար հետ մրցակցելով պնդել, որ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած պաշտոնական հայտարարությունները չեն արտահայտում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կամ սա վատ քողարկված սուտ է, կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարությունը չի վերահսկում իր ենթակաների գործողություններն ու հայտարարությունները, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծայրահեղականներից կազմված խմբակ է։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչը հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է. Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվի որևէ համատեքստում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից: Ուժի դիրքից մեզ հետ խոսելու փորձերն աշխատում են հենց դրանք նախաձեռնողների դեմ: Հանձնառու լինելով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միևնույն ժամանակ մենք գործնականում ի ցույց դրեցինք Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի անխոցելիությունը: Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում և նրանց մշտական տեղակայում, ինչպես նաև ուղիղ կապ և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդնում: Այդ մեխանիզմների կյանքի կոչումը կարող է նպաստել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից: Այդ առումով Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ և քայլեր ձեռնարկի նշյալ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, որոնց խիստ անհրաժեշտությունը ընդգծվեց այս ռազմական էսկալացիայի ֆոնին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում ընթանում է խաղաղ կարգավորման գործընթացը, և ոչ մի փոփոխություն այդ ձևաչափում չի կարող լինել: Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ որպես միջնորդ հանդես են գալիս համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Ադրբեջանական ղեկավարությունը շատ խեղաթյուրված է ներկայացնում բանակցային գործընթացի, ինչպես նաև Մինսկի խմբի էությունը: Նրանց պատկերացմամբ բանակցային գործընթացի էությունն ապահովելն է Արցախի միացումն Ադրբեջանին, բնականաբար, առանց հաշվի առնելու հենց Արցախի ժողովրդի կարծիքը: Եվ քանի որ դա տեղի չի ունենում, ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է արտահայտում բանակցային գործընթացի և Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի առնչությամբ: Սակայն խնդիրը համանախագահների մեջ չէ, այլ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման, փոխզիջում փնտրելու և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու չկամության մեջ է: Խաղաղ կարգավորումը պետք է լինի համապարփակ և ձեռք բերված հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավման միջոցով: Արցախն իր՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջոցով պետք է ներկայանա որպես անմիջական կողմ բանակցային գործընթացում, որի շրջանակներում և որոշվելու է նրանց հետագա ճակատագիրը»։

Նմանատիպ նյութեր