211652_close_icon
views-count2066 դիտում article-date 13:59 16-07-2020

Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսազանգի միջոցով հուլիսի 15-ին ազդարարել են «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը։ Նախարար Խաչատրյանը, ողջունելով նախագծի մեկնարկը, նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը թե՛ նախկինում, թե՛ ներկայում խիստ արդյունավետ է, մասնավորապես գյուղատնտեսության, փոքր ու միջին ձեռներեցության, զբոսաշրջության ոլորտներում իրականացված ծրագրերը հասցեական են և ճկուն։ Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեք վերաձևակերպելու ձեր աջակցության շրջանակը՝ առավել ճշգրիտ համապատախանեցնելու ձեր գործողությունները մեր կարիքներին համավարակով պայմանավորված խնդիրների համատեքստում, քանի որ տնտեսությունում իրավիճակն օր-օրի է փոխվում։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարող ենք մասնավոր հատվածում առկա խնդիրները քննարկել և դրանց համապատախասն օպերատիվ լուծումներ գտնել»։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» նպատակն է բարելավել առևտրի, ներդրումների համար անհրաժեշտ միջավայրը և խթանել տնտեսական մրցակցությունը, ինչը կնպաստի ավելի ներառական և կայուն տնտեսական աճին, կդարձնի Հայաստանն ավելի ինքնաբավ և տնտեսապես անվտանգ։ «ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է հայտարարել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը: Այս նախագիծը մեզ հնարավորություն կտա շարունակելու աջակցել Հայաստանին՝ ունենալու կայուն տնտեսություն առավել նպաստավոր գործարար միջավայրի շնորհիվ: Մենք անհամբեր սպասում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ մեր հաջող համագործակցությանն այս ծրագրի շրջանակում՝ հետագայում ներգրավելով կառավարությանը, մասնավոր հատվածին և այլ համապատասխան շահառուներին այնպիսի հարթակների միջոցով, որոնք տրամադրում են պատշաճ իրազեկում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ և ստեղծում պետություն-մասնավոր արդյունավետ խորհրդատվության խողովակներ», - վիրտուալ հանդիպման ընթացքում ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։ Հենվելով «թավշյա հեղափոխությամբ» պայմանավորված առաջընթացի և կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգի վրա՝ նախաձեռնությունը կնպաստի գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք կխթանեն մասնավոր հատվածի մրցունակությունը միջազգային ասպարեզում, կբարելավեն ներքին մրցակցությունը, կընդլայնեն և կբազմազանեցնեն առևտուրը: Բարելավված գործարար միջավայրը կօգնի ներգրավել նոր ներդրումներ, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացում ապահովելու գործում: Հանդիպման մասնակիցները նշել են, որ այս նախաձեռնության շրջանակում կաջակցեն ՀՀ կառավարության ծրագրի իրականացմանը և կնպաստեն մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Այն կիրականացվի ԱՄՆ ՄԶԳ կապալառու՝ Միջազգային Զարգացման Խմբի կողմից։ ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀ կառավարությանը՝ տնտեսական վերականգման ծրագրերի շուրջ որոշումները կայացնել փաստահենք տվյալների հիման վրա։ Հանդիպման մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, շահառու խմբերին թիրախավորելու մանրամասները և պայմանավորվել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» շուրջ հետագա գործակցության վերաբերյալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր