211652_close_icon
views-count2344 դիտում article-date 18:41 15-07-2020

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ: Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում: Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն:

Նմանատիպ նյութեր