«Մանչեսթեր Սիթիի» հայցը բավարարվեց. թիմը կշարունակի խաղալ եվրագավաթներում
Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ընդունել է «Մանչեսթեր Սիթիի» հայցը՝ ակումբին եվրոպական մրցաշարերից երկու մրցաշրջանով հեռացնելու վերաբերյալ:
Այսպիսով, քաղաքաբնակների որակազրկումը չեղյալ է հայտարարվել: Նաև ակումբը կվճարի 10 միլիոն եվրո տուգանք՝ 30 միլիոն փոխարեն, տույժը պետք է վճարվի որոշման ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում:
Փետրվարին ՈՒԵՖԱ-ն «Սիթիին» 2 տարով զրկել է Եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից, ինչպես նաև ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար տուգանել է 30 մլն եվրոյով:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակչում խաղալու է Մադրիդի «Ռեալի» հետ: Մադրիդում կայացած առաջին հանդիպումն ավարտվեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 1-2 հաշվով, պատասխան հանդիպումը նշանակված է օգոստոսի 7-ին: