211652_close_icon
views-count4109 դիտում article-date 22:44 12-07-2020

Սնկից թունավորում Կուրթանում. տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր

Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է. • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, • ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, • սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը, • չուտել հում սունկ, • երեխաներին չկերակրել սնկով, • աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում, • չզբաղվել ինքնաբուժմամբ։

Նմանատիպ նյութեր